Բացել լրահոսը Փակել լրահոսը
89436363_523332028561141_2775953864392704000_n
A A
Հասարակություն

«Եթե լրատվամիջոցը ունի տվյալներ, որ մարդկանց բուժումը բավարար չափով չի իրականացվում, չպիտի՞ գրի»

ՀՀ-ում մինչև ապրիլի 14-ը Կառավարությունն առաջարկում է սահմանել  արտակարգ դրություն: Ըստ  ձևակերպումների՝ սահմանափակում է նաև ԶԼՄ- ների աշխատանքը։

Լրատվական միջոցները վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի մասին կարող են հայտնել միայն պաշտոնական տեղեկատվության հիման վրա։

Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո օբյեկտիվորեն սահմանափակվում է լրատվամիջոցների գործունեությունը այն առումով, որ կոնկրետ կորոնավիրուսի թեմայով նյութերը պետք է լինեն պաշտոնական տվյալների հիման վրա.

«Կարծում եմ, որ լրատվամիջոցներրը իրենք նույնպես պետք է կարողանան հանրային նշանակության ինֆորմացիան հասցնել լսարանին, բայց այստեղ պատասխանատվությունը շատ բարձր պետք է լինի և ճշգրտված փաստերի հիման վրա պետք է տեղեկատվությունը կառուցված լինի»:

Մելիքյանը նշում է՝ եթե լրատվամիջոցին հայտնի է դառնում հանրային նշանակության կարևոր փաստ, ապա այն ճշգրտված բոլոր փաստերով պետք է հրապարակվի:

«Պետք է շատ ծանր ու թեթև արվի և հրապարակվի այն տեղեկատվությունը, որը որ կարող է կանխել նույն խուճապը, կամ կարող է իր օբյեկտիվ բնույթով օգնել հասարակությանը ճիշտ քայեր ձեռնարկել վիրուսին դիմակայելու և իրավիճակը շտկելու համար»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ ասում է՝ սահմանափակումները խիստ չեն, պայմանվորված են անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ,  առաջացնում են որոշակի հարցադրումներ.

«Օրինակ՝ ենթադրենք, լրատավամիջոցն ունի տվյալներ, որ մարդկանց բուժումը բավարար չափով չի իրականացվում և այդ մասին ուզում է գրել, բնականաբար այդ մասին պաշտոնական տվյալներ չկան, հիմա չպիտի՞ գրի այդ մասին, չէ՞ որ հանրությունն էլ իրավունք ունի իմանալ այդ մասին»:

Դոյդոյանը միաժամանակ  ընդգծում է՝ սահմափակումը վերաբերելու է ակնհայտ կեղծ և խուճապի միտում  առաջացնող լուրերին․

«Բայց, իհարկե, պետության հայեցողությունն այստեղ շատ մեծ է ու չարաշահման հնարավորությունն էլ է մեծ, բայց պետք է հաշվի առնենք՝ ինչ պայմաններում է սա արվում: Հետաքրքիրն այն է, որ ուղիղ 12 տարի առաջ էր  մեր վերջին արտակարգ դրությունը, լրատավամիջոցների սահմանափակումներ մտցվեցին, արգելափակվեցին որոշ լրատվամիջոցներ, հիմա համեմատության եզրեր չկան, ուղղակի թեմատիկ սահմանափակում է դրվում»:  Նա նկատի ուներ  2008թ մարտի 1-ի դեպքերը։

Խնդրին անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրավիրված ասուլիսում՝ նշելով, որ համաճարակի հետ կապված ցանկացած ինֆորմացիայի պարագայում պետք է պաշտոնական տեղակատվությանը հղում տրվի: