Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկայուն արդյունքներ

Սպորտ

Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսում բավական անկայուն են հանդես գալիս մեր շախմատիստները:

«А1» խմբում համեմատաբար հաջող ելույթ ունեցող Արման Փաշիկյանը 7-րդ տուրում պարտություն կրեց եւ զիջեց դիրքերը: Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ ահա ետնապահների խմբում գտնվող Հրանտ Մելքումյանը հաղթեց եւ մոտեցավ իր խաղընկերներին: Այժմ Արմանն ու Գաբրիելը իրենց ակտիվում ունեն 4-ական, իսկ Զավենն ու Հրանտը` 3,5-ական միավոր: Նրանք մրցաշարի առաջատարներին զիջում են համապատասխանաբար 1 եւ 1,5 միավորով:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր շախմատիստները կհանդիպեն հետեւյալ մրցակիցների հետ.
Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան) - Արման Փաշիկյան
Գաբրիել Սարգսյան - Մաքսիմ Ռոդշտեյն (Իսրայել)
Իվան Լոպես (Իսպանիա) - Զավեն Անդրիասյան
Սերգեյ Վոլկով (Ռուսաստան) - Հրանտ Մելքումյան

«А2» խմբում հանդես եկող Տիգրան Քոթանջյանը 7-րդ տուրում պարտվեց, Դավիթ Գ. Պետրոսյանը հաղթեց: Նրանք երկուսն էլ վաստակել են 4-ական միավոր ու արդեն բավական ետ են մնում առաջատարներից:

«B» խմբում 8 տուրից հետո մեր երկու մասնակիցները` Տիգրան Սիմոնյանն ու Դավիթ Գրիգորյանը վաստակել են համապատասխանաբար 4,5 եւ 2,5 միավոր: Նրանք այլեւս չեն հավակնում մրցանակային տեղերին, քանի որ շատ են ետ մնացել առաջատարներից` ադրբեջանացի Գյուլնար Մամադովայից եւ թուրք Էնգին Տոպակից` 6,5-ական միավոր:

«C» խումբը գլխավորող մեր շախմատիստ Դավիթ Շահինյանը, ցավոք, 8-րդ տուրում պարտվեց եւ իր մոտակա մրցակից Էդուարդ Խատոեւին (Ռուսաստան) հնարավորություն տվեց հավասարվել վաստակած միավորներով (6,5-ական): Նրանց ընդհուպ մոտեցան 6 շախմատիստներ, այդ թվում Աշոտ Ավետիսյանը, որոնք 8 տուրից հետո իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: