Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ԵՄ-ի համար առաջնահերթություններից է կանանց և աղջիկներին աջակցություն տրամադրելը․ դեսպան (տեսանյութ)

Եվրոպական Միության պատվիրակության եւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ կառավարության և Եվրոպական միության համագործակցության շնորհիվ տարածաշրջանային բնակչության համար իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշում է, որ տարածքային զարգացման դրամաշնորհային փորձնական ծրագրերը մեծ փորձառություն են եղել նախարարության համար։ Դեռ 2008 թվականից անընդհատ խոսվել է տարածքային զարգացման համաչափության անհրաժեշտության մասին, սակայն միայն  երկու տարի առաջ կառավարությունը ուղիղ շեշտադրեց ռեգիոնալ զարգացումը, և արդյունքում հիմա ԵՄ-ի հետ ունենք հստակ ուղղություն։

«Մենք տարածքային զարգացման դրամաշնորհային փորձնական ծրագրի շրջանակում պահանջները դրեցինք և այսօր մենք կարող ենք արձանագրել բացված աշխատատեղերի, կանաչ էկոնոմիկայի մասին։ Այժմ մենք Կապանում ունենք առաջին կայուն վերամշակման կազմակերպությունը։ Մենք պետք է համակարգերը ձևավորենք այնպես, որ այն ծավալվի նաև Կոտայքում, Գեղարքունիքում և այլ վայրերում։ Կապանի թափոնների և Ամասիայի բրդի վերամշակումը էկոնոմիկայի համար նշանակություն ունի։ Մենք երկար տարիներ մեր անասնապահության,  բրդի օգտագործման ավանդույթից հեռացել էինք, հիմա տեսանք, որ կարող ենք դա զարգացնել»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշում է, տարածքային զարգացման ծրագրում կարևորում է երիտասարդների կրթությունը, քանի որ միայն այդ կերպ հնարավոր է հաջողության հասնել։

«Կրթված երիտասարդները մեր և ձեր երկրի ապավենն են: Մենք փորձում ենք օրինակ ստեղծել՝ ինչպես խթանել նրանց մրցունակությունը: Մենք համագործակցում ենք կառավարության, մարզպետների հետ։ Տպավորված եմ նրանց հանձնառությամբ, իրավիճակը փոխելու նպատակասլացությամբ։ Սակայն պետք է հասկանալ, որ պետք  է մշակել միջնաժամկետ և երկարաժամկետ  ծրագրեր»։

Անդրեա Վիկտորինը նաև նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ծրագրեր մշակել  կանաչ տնտեսության, տուրիզմի զարգացման համար։

«Հայաստանը իրակացնում է  դատական համակարգի փոփոխություններ, դա կարող է վստահություն ներշնչել օտար ներդրողների համար։ Դրական քայլ է նաև այն, որ ԵՄ 27 անդամ պետությունները որոշեցին Հայաստանը հանել հարկման սև ցուցակից, Հայաստանը հետևում է միջազգային ստանդարտներին»:

Անդրա Վիկտորինը ընդգծեց, որ ԵՄ-ի համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկը կանանց և աղջիկներին աջակցություն տրամադրելն է, որպեսզի գյուղական համայնքներում հնարավոր լինի աշխատանքի ապահովվումը։