Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեծանվորդը փոխում է մասնագիտությունը

Սպորտ

Հայ երիտասարդ հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի 2009 թ վարկանիշով 117 երիտասարդ հեծանվորդների մեջ զբաղեցնում է 18-րդ տեղը: Ավելին, 18-ամյա մարզիկը միայնակ ավելի շատ վարկանիշային միավորներ է պարգեւել Հայաստանին, քան Կանադայի չորս հեծանվորդները միասին վերցրած:

Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը
«Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց, որ Սուրենն ավելի բարձր արդյունքներ կունենար, եթե անցած տարի Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ վնասվածք չստանար եւ հանդես գար իր լրիվ ուժով (մեր մարզիկը մրցակցի կողմից սարքած վթարի պատճառով վայր էր ընկել եւ վնասել կողոսկրերը): Այնուամենայնիվ, նա խմբակային վազք միավորներով մրցաձեւում զբաղեցրել էր 17-րդ, իսկ միջանկյալ վերջնագծով մրցումներում` 10-րդ տեղը:

Սուրեն Պետրոսյանը միջազգային տարբեր մրցավազքերին մասնակցելու հրավերներ է ստացել այս տարի, մասնավորապես Շվեյցարիայից ու Ռուսաստանից, սակայն նա չի պատրաստվում մասնակցել դրանց:
Իսկ պատճառը բավականին անսովոր է . Սուրենն իր ընկերների խորհրդով որոշել է ուժերը փորձել հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Իսկ թե ինչ կստացվի դրանից, ցույց կտա ժամանակը: