Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռումինիայում էլ են ցանկանում Հայաստանին

Սպորտ

Ռումինիայի հավաքականի հարձակվող Չիպրիան Մարիկան ցանկանում է, որպեսզի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում իրենց մրցակիցներից մեկը լինի Հայաստանի ընտրանին:

«Ցանկալի կլիներ, որ մեր խմբում ընդգրկվեին Ռուսաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Հայաստանի եւ Անդորայի հավաքականները: Ռուսները ձախողեցին աշխարհի առաջնության ընտրարշավը եւ այժմ ճգնաժամ են ապրում: Ավստրիայի հավաքականին մենք շատ լավ ենք ճանաչում: Բելառուսում կա մեկ բարձրակարգ խաղացող: Դա Գլեբն է, որը մենակով ոչինչ չի կարող անել,-ասել է Չիպրիան Մարիկան,-Հայաստանում ես իմ առաջին գոլն եմ խփել հավաքականի կազմում, բացի այդ մենք լավ ծանոթ ենք Քարամյան եղբայրների ներուժին, ովքեր այդ երկրի ուժեղագույն խաղացողներն են: Ինչ վերաբերում է Անդորային, ապա չեմ կարծում, որ այն խնդիրներ կստեղծի մեր համար»:

Գերմանական «Շտուտգարտի» ֆուտբոլիստը միաժամանակ նշել է, որ չէր ցանկանա, որպեսզի Ռումինիայի հավաքականի մրցակիցները լինեին Իսպանիան, Իսրայելը, Սլովենիան, Վրաստանը եւ Ֆարերյան կղզիները: Գնահատելով Վրաստանի հավաքականին` Մարիկան նշել է, որ այն միշտ էլ լավ խաղացողներ է ունեցել, ովքեր կարողանում են բեկում մտցնել խաղի մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանին որպես մրցակից ցանկանում էին տեսնել նաեւ ադրբեջանցի ֆուտբոլասերները, բայց ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով դա հնարավոր չէ:

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա առաջիկա կիրակի, փետրվարի 7-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի մշակույթի պալատում: Արարողությունը կսկսի տեղի ժամանակով 13:00-ին:

Հայաստանից վիճակահանությանը կմասնակցեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Վարդան Մինասյանը: