Ազատոճայինները մեկնեցին Իրան
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայումս գտնվում է Իրանում, որտեղ սկզբում կանցկացնի ուսումնամարզական հավաք, իսկ հետո կմասնակցի միջազգային մրցաշարի:
Փետրվարի 4-16-ը մեր թիմը Սպահանում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Այնուհետեւ կտեղափոխվի Թեհրան, որտեղ ամսի 18-20-ը կմասնակցի օլիմպիական խաղերի չեմպիոն Ղոլամռեզա Թախտիի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին: Վերջինս հայտնի է «Մազանդարանի վագր» մականունով (ի դեպ, 1970-ականների սկզբին նույն վերնագրով գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել հայտնի մարզիկի մասին):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 15 ըմբիշների, որոնք էլ հիմնականում կպատրաստվեն այս տարվա գլխավոր մրցումներին:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայումս գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հավաք է անցկացնում Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնում եւ պատրաստվում է փետրվարի 13-14-ը Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: