Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն մարուքյան
A A
Քաղաքականություն

Չի եղել, որ մեկն ինչ-որ լավ բան առաջարկի, ու «Լուսավոր Հայաստանը» դեմ լինի․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 2019թ․-ի ընթացքում 66 օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որից խորհրդարանն ընդունել է միայն 15-ը։ Այս մասին խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվության միջոցառմանն ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այդ նախագծերն ուղղված են եղել համաչափ տարածքային կառավարմանը, մարզերի զարգացմանը, պետական համակարգի վերափոխմանը։ Սոցիալական ոլորտից մինչև տնտեսական բարեփոխումների իրականացմանը»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ պարոն Մարուքյանի՝ 7-րդ գումարման խորհրդարանում միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է 2 հարցապնդում ներկայացրել, որից մեկն ուղղված է եղել Շրջակա միջավայրի նախարարին, որովհետև Հայաստանում բնապահպանական խնդիրները շատ են։

«Նա չներկայացավ հարցապնդմանը, նրա փոխարեն ներկայացավ փոխվարչապետը, պատասխանները կապ չունեին բնապահպանական խնդիրների հետ, որի արդյունքում անվստահություն հայտնեցինք Շրջակա միջավայրի նախարարին»,- նշեց նա։

Ըստ parliamentmonitoring-ի՝ «Լուսավոր Հայաստանը» ամենաշատ նախաձեռնություն իրականացնող խմբակցությունն է, և ամենաշատ ընդդիմադիր լծակները օգտագործողը։

«Պետք է ասեմ, որ դեպքեր են եղել, երբ մեր իրավունքները ոտնահարվել են։ Օրինակ՝ արտահերթ նիստի հրավեր էինք նախաձեռնել, երբ դատարանները շրջափակվեցին, և եվրոպական կառույցները դեռ չէին հասցրել դատապարտել և մենք առաջարկեցինք արտահերթ նիստ, որ այդ խնդիրը մենք մեր երկրում քննարկենք, երկրից դուրս չգա, արտահերթ նիստ հրավիրելու համապատասխան քանակի ստորագրությունները հավաքավել էին, բայց ԱԺ խորհրդի նիստը տապալեց մեր սահմանադրական իրավունքը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

2019թ․-ին ԼՀԿ-ն նաև հանդես եկավ Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելու առաջարկով, սակայն այն ևս մերժվեց։

«Գիտեք, որ այսօր Հայաստանը Գյուղատնտեսության նախարարություն չունի, Հայաստանը չունի Էներգետիկայի նախարարություն, բավականին վատ արձագանքներ կան սրանց հետ կապված, խնդիրներն օրեցօր ավելանում են։ Հայաստանում Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը խորհրդարանական վերահսկողությունից դուրս են»,- նկատեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ շարունակելու են ակտիվ աշխատանքները, որպեսզի քաղաքացու համար տեսանելի լինի իրենց աշխատանքը։

Բացի այդ, ըստ պարոն Մարուքյանի՝ հակաքարոզչություն է իրականացվել, թե ԼՀԿ-ն մերժում է Կառավարության և իշխող՝ «Իմ քայլը» խմբակցության նախագծերը։

«Ցանկացած լավ բան, որ արվում է, ոչ միայն կողմ ենք քվեարկել, այլև առաջարկներով ուժեղացրել ենք։ Եղել են դեպքեր առաջարկներն ընդունվել են, եղել են դեպքեր չեն ընդունվել։ Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկը ինչ-որ լավ բան առաջարկի ու կապ չունի, թե նա որտեղից է և «Լուսավոր Հայաստանն» ասի, որ դեմ է»»,- եզրափակեց նա։