Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուչարյանի բախտը չբերեց

Սպորտ

Անցած տարվա օգոստոսին Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, ում չէր հաջողվում ամրապնդվել Ամստերդամի «Այաքսի» հիմնական կազմում, նախընտրեց վարձավճարով հանդես գալ մեկ այլ թիմում: Նա տեղափոխվեց Հոլանդիայի 2-րդ խմբում հանդես եկող «Հաարլեմ»:

Վերջինս շատ անհաջող սկսեց մրցաշրջանը, իսկ վերջին 10 հանդիպումներից ութում զիջելով մրցակիցներին, դարձավ առաջնության ընդգծված ետնապահը:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ավելի շուտ եկավ «Հաարլեմի» համար, քան` ուրբաթը: Երեկ երեկոյան ակումբի պաշտոնական կայքէջը հայտնել է, որ ակումբը սնանկ է ճանաչվել եւ դադարեցնում է գործունեությունը (HFC HAARLEM VRAAGT FAILLISSEMENT AAN): Այդպիսով, Էդգար Մանուչարյանը մնացել է առանց թիմի: Հավելենք, որ նա Հոլանդիայի 2-րդ խմբի առաջնության 23 տուրից հետո խփել էր ընդամենը 5 գոլ:

Առաջիկայում պարզ կդառնա, արդյոք նա կրկին կվերադառնա «Այաքս», որին պատկանում է նրա տրանսֆերը, թե ելույթները կշարունակի մեկ այլ ակումբում: