Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր ստուգատեսը Թուրքիայում է

Սպորտ

Հունվարի 25-ից մինչեւ փետրվարի 6-ը տղամարդկանց հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, իսկ կանանցը` Աբովյանում: Մեկշաբաթյա ընդմիջումից հետո մեր թիմերն արդեն 7-օրյա հավաք կանցկացնեն համապատասխանաբար` Աբովյանում եւ Գյումրիում: Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են 15 մարզիկներ, իսկ կանանց թիմում` 9 մարզուհիներ:

Փետրվարի 20-24-ը Երեւանում տեղի կունենա ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մարտին մեր հավաքականները նախատեսել են եւս երկու ուսումնամարզական հավաքներ (դրանցից մեկը կանցկացնեն արտասահմանում):

Այնուհետեւ երկաթախաղի մեր վարպետներին սպասում են լուրջ փորձություններ:

Ապրիլի 2-11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նրանք կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Մայիսի 16-23-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն պատանիները: Մրցաշարը չնայած վարկանիշային է, քանի որ խաղարկվելու են 2010 թ Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն մեր պատանի ծանրորդները վաղուց լրացրել են այդ վարկանիշը և նվաճել խաղերին մասնակցելու իրավունքը:

Հունիսի 11-21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Օգոստոսի 14-24-ին Սինգապուրում արդեն կայանալու են պատանեկան 1-ին օլիմպիական խաղերը: Հայաստանից կմասնակցեն երկու ծանրորդներ:

Մեր հավաքականներին ամենալուրջ քննությունը սպասվում է սեպտեմբերի 18-28-ին, Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ տեղի կունենա աշխարհի 2010 թ առաջնությունը: Այն կարեւոր նշանակություն ունի մեր մարզիկ-մարզուհիների համար, քանի որ այն ծանրամարտից առաջին վարկանիշային մրցաշարն է 2012 թ լոնդոնյան օլիմպիական խաղերի շրջանակում:

Մեր ծանրորդների համար 2010 թ վերջին ստուգատեսը կլինի հոկտեմբերի 17-24-ը Կիպրոսում կայանալիք մինչև 20 և 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունը: