Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշես Մինասյանն էլ պարտվեց

Սպորտ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը` Արտաշես Մինասյանը, 4-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեց եւ զիջեց դիրքերը: Մրցաշարի ամենափորձառու մասնակիցը սեւերով հանդիպեց Ավետիք Գրիգորյանի հետ, որը առաջին տուրում տարած հաղթանակից հետո երկու ոչ-ոքի էր խաղացել: Երիտասարդ գրոսմայստերը պարտիայի միջնամասում դիրքային առավելություն ստացավ: Արտաշես Մինասյանը ձին փոխանակելով զինվորի հետ, փորձեց հակախաղ կազմակերպել, բայց Ավետիքը անսխալ խաղաց եւ կարեւոր հաղթանակ տարավ:

Վաստակած միավորներով (3) նրան հավասարվեց Զավեն Անդրիասյանը, որը սպիտակներով առավելության հասավ ետնապահներից մեկի` Դավիթ Քալաշյանի նկատմամբ: Նրանց կարող էր շրջանցել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը: Սակայն միջազգային վարպետը զիջեց համեմատաբար փորձառու Տիգրան Քոթանջյանին: Կրկին հետաքրքիր պայքարում անցավ երիտասարդ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի պարտիան, սակայն այս անգամ նա պարտվեց ավելի ստեղծագործաբար խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանին:

Չորս տուրից հետո 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են Զավեն Անդրիասյանն ու Ավետիք Գրիգորյանը: Նրանցից կես միավորով ետ են մնում երեք շախմատիստներ:

Կանանց առաջնությունում շարունակում է անհաջող հանդես գալ միակ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը, որն այս տուրում պարտվեց Լուսինե Կարապետյանին եւ այժմ 1 միավորով զբաղեցնում է նախավերջին 9-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը, որոնք երրորդ հաղթանակը տարան մրցաշարում: 2,5-ական միավոր են վաստակել Անի Խանամիրյանը, Լուսինե Կարապետյանն ու Նարինե Գասպարյանը:

Վաղը տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները: Տղամարդկան մրցաշարում մեծ հետաքրքրություն է ներկայացնում Արտաշես Մինասյան - Զավեն Անդրիասյան մրցամարտը: