Մոսկվայում հիշում են, Երեւանում` ոչ:
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» նախկին հարձակվող Էդուարդ Մարգարովը ԽՍՀՄ վետերանների հավաքականի կազմում մասնակցեց Խորհրդային Միության անվանի ֆուտբոլիստ Իգոր Նետոյի հիշատակին նվիրված հանդիպմանը:
Այն կայացավ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկուրկության եզրափակիչ խաղից առաջ, որին մասնակցեցին հայտնի ֆուտբոլիստի նախկին թիմի` Մոսկվայի «Սպարտակի» եւ ԽՍՀՄ հավաքականի վետերանները: Հանդիպմանը ներկա են եղել ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ու Միշել Պլատինին, ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն, երկրի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը:
Այն ավարտվել է ոչ-ոքի` 7:7: Հանդիպումից հետո Իգոր Նետոյի եղբայրը մասնակիցներին խաղին նվիրված գավաթներ է նվիրել, իսկ ակումբն ու ֆուտբոլի միությունը «Սպարտակի» 200 վետերաններին, որոնք տարբեր տարիներին հանդես են եկել Նետոյի հետ, նվերներ է հանձնել:
Ցավոք, Հայաստանում շատ հազվադեպ են հիշում վետերան ֆուտբոլիստների հիշատակը, չնայած նրանց մի մասը անմոռանալի հետք են թողել հայրենական ֆուտբոլում: Մասնավորապես` ինքնին հարգանքի են արժանի մեր նախկին ֆուտբոլիստներ, դարպասապահ Սերգեյ Զատիկյանը, ով 25 խաղ շարունակ անառիկ է պահել սեփական դարպասը, պաշտպան Մանուկ Սեմերջյանը, ով ժամանակակից եզրային պաշտպաննրի «կնքահայրերից» է, Ալեքսանդր Կովալենկոն, ում իր անվախ խաղի համար անվանում էին «բերդ» եւ այլն:
Վերջերս լրացավ հայկական ֆուտբոլի լավագույն կիսապաշտպաններից մեկի, Հայաստանից աշխարհի առաջնությանը մասնակցած միակ ֆուտբոլիստի` Խորեն Հովհաննիսյանի 55-ամյակը: Սակայն այդ կապակցությամբ նրան չշնորհավորեցին ոչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ոչ Երեւանի «Արարատ» ակումբը, որի կազմում դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, Երեւանի «Փյունիկ» ակումբը, որտեղ նա եւ խաղացել է, եւ մարզել թիմը, եւ ղեկավարել ակումբը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, քանի որ 1980 թ օլիմպիական խաղերին Խորեն Հովհաննիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: