Ցմահ դատապարտյալին վաղաժամկետ ազատ արձակման գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՑմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննության դատական նիստը կրկին հետաձգվեց դատախազ Արթուր Բրուտյանի բացակայության պատճառով։ Հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 23-ին ժամը 15-ին։
Այս առնչությամբ առարկություն հայտնեցին Աշոտ Մանուկյանի փաստաբանները՝ նշելով , որ դատախազի բացակայության մեջ դատը հետաձգելու միտում են տեսնում։
Դատական նիստից հետո փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ դատախազները, լինելով պետական պաշտոնյաներ, իրավունք չունեն քմահաճույքով դատական նիստ հետաձգելու․
«Վերջին երկու անգամ է, առանց հիմնավորումների ուղղակի մեկ գրությամբ, որ աշխատանքային այլ ծանրաբեռնվածություն ունեն հետաձգում են դատական նիստը։ Ես նախորդ դատական նիստին էլ հայտարարեցի, որ միտում եմ տեսնում, և տեսնենք՝ ժամանակը ցույց կտա, որ հաջորդ դատական նիստերին դատախազները ասելիք չեն ունենալու, քանի որ լսել ենք դատախազին, նա արդեն ելույթ ունեցել է, նոր հանգամանաներ չկան այս գործի քննության շրջանակներում, որ անհրաժեշտ է լրացուցիչ լսել դատախազին։ Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունքը սկսել է 2015 թվականից, և սույն վարույթով գործընթացները պետք է ավարտվեին նախորդ տարվա փետրվար- մարտ ամսին։ Հունվար ամիսն ենք, սակայն վերջնական որոշում դեռևս չկա»,- ասաց նա։
Միհրան Պողոսյանը նաև նշեց, որ պետությունում առկա են ազատ արձակման իրավական կարգավորումներ, սակայն փաստացի ազատազրկված մարդիկ զրկված են այդ իրավակարգավորումներից օգտվելուց։ Այժմ ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել, և պետությունը քայլ առ քայլ գնում է դեպի ազատ արձակում։
Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման բանակում ծառայության ընթացքում 3 հոգու սպանության համար։ Սպանված զինվորների ծնողները ներել են նրան: