Տեղական հանրաքվեն կհամարվի կայացած, եթե ընտրացուցակում ընդգրկված մարդկանց 50 %-ը մասնակցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծի հիմնական զեկուցող Վարազդատ Կարապետյանը նշեց, որ առաջարկվող փաթեթի համաձայն՝ համայնքի միավորման կամ բաժանման հարցով ՝ համայնքի բնակչության նախաձեռնությամբ կարող է տեղական հանրաքվե տեղի ունենալ։ Ըստ պարոն Կարապետյանի՝ այս մեխանիզմով լսելի կլինի համայնքների կարծիքը։ Առաջարկվող փոփոխությունների և լրացումների համաձայն՝ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, և համապատասխան ընտրական հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնի ու քվեարկության արդյունքների արձանագրությունը կներկայացնի համապատասխան համայնքի ղեկավարին և կառավարության լիազորած պետական մարմնին: Վարազդատ Կարապետյանը նշեց նաև, որ 2 փոփոխություն են առաջարկում։
«Մեկով բարդացնում ենք տեղական հանրաքվեի մեխանիզմը, սահմանելով 50 տոկոսանոց մասնակցության շեմ։ Այսինքն՝ հանրաքվեն կհամարեն կայացած, եթե ընտրացուցակում ընդգրկված մարդկանց 50 տոկոսը մասնակցի հանրաքվեին»,- ասաց Վարազդատ Կարապետյանը և ներկայացրեց 2-րդ փոփոխությունը։
«Առաջարկել ենք համայնքների ղեկավարներին հնարավորություն տալ տեղերում անցկացնել բաց քննարկումներ և լսումներ, և այդ արդյունքները նույնպես կցել Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին Ազգային ժողով բերելուց առաջ»։