Իրավունքի հետքերով #16 Դատավորները հաճախ արդարացնում են բռնությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պետք է լինի զրո հանդուրժողականություն բռնության որևէ տեսակի նկատմամբ»,-ասում է «Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանն՝ ընդգծելով, որ դատավորները հաճախ արդարացնում են բռնությունը՝ ասելով, որ իրենք էլ են իրենց երեխային երբեմն ապտակում, և դա բռնություն չէ։ «Անհրաժեշտ է դատավորների վարքագծի և մտածելակերպի փոփոխություն, համակարգը պետք է որդեգրի քաղաքականություն, ըստ որի ընտանեկան բռնության դեպքերը քննող դատավորներն առնվազն պետք է լինեն զգայուն, իրենք չլինեն բռնարար իրենց էությամբ, ընտանեկան բռնություն երբևէ կիրառած չլինեն, իրենց կարծիքով «փոքր» ապտակը արդարացնող չլինեն և ունենան հարգալից վերաբերմունք և ամբաստանյալի և տուժողի իրավունքների նկատմամբ»։ «Իրավական հետազոտության եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ն 2019 թվականի փետրվար-հուլիս ժամանակահատվածում մշտադիտարկել է ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի դատական 26 նիստ։ Մշտադիտարկման արդյունքում մի շարք խնդիրներ են արձանագրվել։ Թեև օրենքով տուժողներին հանրային պաշտպանի միջոցով պետք է ապահովվի անվճար իրավաբանական օգնություն, սակայն դիտարկված դեպքերում տուժողներից ընդամենը 7-ն են ունեցել ներկայացուցիչ դատարանում։ Գործերի ոչ պատշաճ որակում։ Ընտանեկան բռնությունը կրկնվող դեպքերի շղթա է ։ Երբ անձը ոստիկանություն է դիմում բռնության վերջին դրվագի վերաբերյալ, նախկինում տեղի ունեցած դեպքերը հաշվի չեն առնվում, և սա չի դիտարկվում որպես շարունակական բռնություն։ Գործը հարուցվում է քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը համադրվում է բռնության վերջին դեպքի հետ։ Գործերի ոչ պատշաճ որակումը բխում է օրենսդրական բացերից։ Մանրամասները՝ տեսանյութում։