«Մեզնից ակնկալվում է, որ մենք էլ բիրտ լինե՞նք»․Փաշինյանի խոսքը նիստի մեկնարկին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ Կառավարությունը իր գործունեության ընթացքում բախվում է սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների, որոնց մասին ուզում է բարձրաձայնել․
«Մենք նպատակաուղղված ենք ՀՀ-ում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ, և փառք Աստծո, դա սկսել է ստացվել մեզ մոտ։ Մի խմբի, մի սուբյեկտի , մի բնակավայրի խնդիր լուծում ենք, պարտադիր չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, սուբյեկտ, բնակավայր, որը ասում է՝ ինչի իր հարցը լուծեցիր, և ոչ թե մեր հարցը լուծեցիր»։
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ սա քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական խնդիր է և երբեմն տպավորություն է ունենում, որ պետք է ընդհանրապես ոչինչ չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, ինչպես նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն․
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ տարիներով ՀՀ-ում կուտակված խնդիրները հնարավոր չէ լուծել, որովհետև, եթե մենք փորձենք մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները, մեծ հավանականությամբ մեր երկիրը կկանգնեցնեք կոլաբսի և ձախողումների առաջ»։
Վարչապետի խոսքերով՝ Հայաստանը երբեք էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում․
«Ես ուրախ եմ, որ հիմա ՀՀ-ում սկսել է տարածվել հերթ արձանագրող մեքենաները, մասնավորապես՝ բանկային համակարգում, մաքասային ծառայությունում» ։
Ըստ վարչապետի՝ մեկ այլ քաղաքակրթական խնդիր է շինարարություն անելիս աղբի տարածման խնդիրը, ասում է՝ այս խնդրին բախվեց իր աշխատասենյակից նիստերի դահլիճ բարձրանալու ճանապարհին․
«Չեմ հասկանում, թե համապատասխան տեսչությունը ինչո՞ւ չի տուգանում և պատժամիջոցներ չի կիրառում այն շինարարների նկատմամբ, որոնք շինարարություն ասելով հասկանում են աղբ կուտակել հնարավորինս լայն շառավղով։ Չեմ հասկանում՝ եթե հիմա Կառավարության շենքում տեղի է ունենում նորոգման աշխատանք, ինչի պիտի մենք բոլորս աղբի միջով քայլենք, գնանք, գանք»։
Վարչապետը բացառում է, որ այս երևույթը Հայաստանի Հանրապետության նորմերով նորմալ լինեն, նշում է, որ այս հարցում Քաղաքաշինության կոմիտեն ունի լուրջ անելիք․
«Չեմ հասկանում, թե ինչու պիտի շինարարությունում աշխատել հին շորերով , այդ մարդիկ համազգեստ պիտի ունենան։ Դա աշխատանքի, մարդու, միջավայրի նկատմամբ որոշակի վերաբերմունք է։ Շինարարական կազմակերպությունները միլիոններ են առնում, դժվա՞ր է այդ միլիոններից մի փոքր հատկացնել ամենաէժան համազգեստ գնել բանվորների համար»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղեկություն ունեն, որ արծվաշենցիները պատրաստվում են Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա անել․
«Այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունը իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է, և դա նոտարով հաստաված է, մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում են՝ այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք։ Շատ լավ, հասկանում ենք, բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում»։
Վարչապետի խոսքերով՝ սրան կա մի պարզ պատճառ՝ Կառավարությունը 2 մլրդ տարամադրել է փասխաստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց փախստականները նույնիսկ դա չեն ստացել․
«Մեզնից ակնկալվում է, որ մենք էլ բիրտ լինե՞նք, նույնն էլ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ էր»։
Փաշինյանն ասում է՝ եթե իրենք հարցեր լուծեին առաջնորդվելով իրեն տրված կաշառքներով, կոռուպցիայով, նեղ քաղաքական, անձնային շահերով, այս ամենը իր համար հասկանալի կլիներ, բայց այս պարագայում հարաբերությունների այս ձևը բացարձակապես անընդունելի է համարում․
«Եկեք դուրս գանք զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից , որովհետև դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»։