Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կեղծ» կազմով

Սպորտ

Երեւանի «Փյունիկը» միաժամանակ մարզումներ է անցկացնում Երեւանում եւ ... Մոսկվայում:

Երեւանի «Փյունիկը» ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությանը կմասնակցի բոլորովին նոր կազմով: Այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Այժմ թիմի մարզիչներ Ռաֆայել Նազարյանն ու Վարազդատ Ավետիսյանը գտնվում են Մոսկվայում, որտեղ նրանք մարզումներ են անցկացնում արտասահմանցի ֆուտբոլիստների հետ, որոնցից երեքը ազգությամբ հայ են, երեքը Չիլիից, իսկ մյուսները` աֆրիկյան երկրներից: Հենց այս խաղացողներով էլ «Փյունիկը» կմասնակցի մոսկովյան մրցաշարին: Անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան «Փյունիկ-2»-ի 4-5 ֆուտբոլիստներ»:

Սա վկայում է այն մասին, որ մեր հանրապետության չեմպիոնը Մոսկվայում հանդես կգա «կեղծ» կազմով: Ինչ վերաբերում է իրական «Փյունիկին», ապա թիմը պարապում է Երեւանում, իսկ հունվարի 24-ին կմեկնի Սոչի, որտեղ կանցկացնի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:

Իսկ ինչով է պատճառաբանում Վարդան Մինասյանը նման տարօրինակ որոշումը: «Փյունիկի» ֆուտբոլիստների մեծ մասը Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներ են, որոնք մարտի 2-ին կարեւոր ընտրական հանդիպում ունեն: Դրա համար էլ որոշեցինք նրանց աստիճանաբար նախապատրաստել նոր մրցաշրջանին, այլ ոչ թե կարճ ժամանակում հասցնել լավ մարզավիճակի: Բացի այդ, վնասվածքներ ունեն մեր առաջատար երեք խաղացողները` Սարգիս Հովսեփյանը, Վահագն Մինասյանն ու Դավիթ Մանոյանը, որոնք չէին կարող մասնակցել այդ մրցաշարին»:

Սակայն «Փյունիկի» գլխավոր մարզիչը գտնում է, որ կարելի է օգուտ քաղել նույնիսկ ստեղծված իրավիճակից. «Մեր մարզիչները Մոսկվայում կփորձարկեն մոտ 18 նոր ֆուտբոլիստների: Նրանցից լավագույնները կմասնակցեն «Փյունիկի» սեւծովյան հավաքին, իսկ առավել աչքի ընկածները կընդգրկվեն թիմի հիմնական կազմում»:

Ինչպես տեղեկացրեց Վարդան Մինասյանը, «Փյունիկում» առայժմ մեկ նորեկ կա: Դա ամերիկահայ ֆուտբոլիստ Արգին Նազարյանն է, որն անցած տարի մասնակցել էր Համահայկական խաղերին: Թիմից հեռացել են դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը (ներկայումս մարզվում է «Իմպուլսում»), Արտակ Անդրիկյանը, Նորայր Սահակյանը (տեղափոխվել են «Ուլիս»), Արտակ Ալեքսանյանը (մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալ» թիմի հետ), Արթուր Եդիգարյանը (անցած տարվա նոյեմբերից հանդես է գալիս իրանական «Պաս» թիմում):