Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսպասելի պարտություն

Սպորտ

Թուրքական Բուրսայում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավական անվստահ հանդես եկավ եւ զիջեց Հունաստանի հավաքականին` 1:3: Լեւոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանն ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը պարտություն կրեցին: Այս անսպասելի սայթաքումից հետո մեր թիմը 3-րդ հորիզոնականը զիջեց ... Ադրբեջանի հավաքականին, որն այս տուրում խաղաղ դաշն կնքեց Իսրայելի հետ` 2:2:

 

Մրցաշարային աղյուսակը 10-ական միավորով շարունակում են գլխավորել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի թիմերը, որոնք այս անգամ հաղթեցին համապատասխանաբար Հնդկաստանի (2,5:1,5) եւ Բրազիլիայի (3:1) հավաքականներին: Ամերիկացիների կազմում հաղթանակներից մեկը տարավ մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: Վերջապես առաջին միավորը վաստակեցին թուրք շախմատիստները, որոնք ոչ-ոքի խաղացին Եգիպտոսի հավաքականի հետ` 2:2:

 

Առաջիկա երկու տուրերում Հայաստանի հավաքականը հանդիպելու է առաջնության երկու առաջատարների հետ: Վաղը մեր շախմատիստների մրցակիցը կլինեն Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ նախավերջին 8-րդ տուրում նրանք կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ:

 

Այս երկու հանդիպումները, անշուշտ, վճռորոշ նշանակություն կունենան ոչ միայն Հայաստանի հավաքականի, այլեւ հենց չեմպիոնի կոչման համար պայքարող Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի թիմերի համար:

 

Մրցաշարային աղյուսակ

                          Մ    ԸՄ

1. Ռուսաստան    10   15,5

2. ԱՄՆ             10    15,5

3. Ադրբեջան      7      13,5

4. Հայաստան    7       13

5. Իսրայել       7        13

6. Հնդկաստան 7        12,5

7. Հունաստան  6         13

8. Եգիպտոս     3        9

9. Բրազիլիա    2        9

10. Թուրքիա    0        4