Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դեռ չի տեղափոխվել «Սևան» ՔԿՀ․ պաշտպան (տեսանյութ)

Քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո, որը տեղի է ունեցել 2019թ․ հունիսի 29-ին, եթե ցմահ ազատազրկման դատապարտվածը դրական վարքագիծ դրսևորի, ապա կարող է փակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել կիսափակ, կիսափակից կիսաբաց և կիսաբացից բաց հիմնարկ։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալ՝ Արսեն Արծրունին և Աշոտ Մանուկյանը, կիսափակ ուղղիչ ռեժիմից տեղափոխվել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ։

Մենք կապ հաստատեցինք Աշոտ Մանուկյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ՝ պարզելու, թե ցմահ դատապարտյալն արդեն տեղափոխվե՞լ է «Սևան» ՔԿՀ։ Պաշտպանն ասաց, որ Աշոտ Մանուկյանի ռեժիմի փոփոխության հրամանը եղել է հոկտեմբերի 25-ին, բայց Աշոտ Մանուկյանը դեռ չի տեղափոխվել։

Հարցին, թե ե՞րբ կտեղափոխվի, Միհրան Պողոսյան ասաց, որ եթե Վերաքննիչ դատարանը վճռի, որ Աշոտ Մանուկյանը պայմանական վաղաժամկետ արձակման ենթակա չէ, ապա այդ ժամանակ նոր կտեղափոխվի։

«Կարծում եմ՝ Աշոտ Մանուկյանի վերաբերյալ այդ որոշումը եղել է, որովհետև բոլորն են գիտակցել, որ նա պատիժը այլևս կրելու անհրաժեշտություն չունի, և փորձել են այս որոշմամբ մեղմել Աշոտ Մանուկյանի վիճակը»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 4-ին Աշոտ Մանուկյանի պայմանական վաղաժամկետ ազատման համար հայցադիմումը մերժել էր։

Միհրան Պողոսյանը հայտնեց, որ վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում, և առաջին նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ին։ Այնուամենայնիվ, պաշտպանը չբացառեց, որ հնարավոր է՝ մինչև Վերաքննիչ դատարանի վճիռը, Աշոտ Մանուկյանին տեղափոխեն «Սևան» ՔԿՀ։

«Խնդիրը տեխնիկական է, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ավելի հեշտ է Վերաքննիչ դատարան տեղափոխվելը, քան «Սևան» ՔԿՀ-ի՝ հաշվի առնելով հեռավորությունը»,- հավելեց նա։