Վանաձորի օրվա առթիվ վարչապետն այցելել է Վանաձոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։
Վարչապետի առաջին կանգառը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է եղել, որտեղ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի և Վանաձորի համայնքապետարանի համաֆինանսավորման շրջանակում։ Թանգարանի նորոգման համար նախատեսված գումարի ծավալը կազմում է 92 մլն դրամ։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք, պատասխանատուների վստահեցմամբ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ Վանաձորի կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է 1974 թվականին, այն Լոռու մարզի կարևորագույն մշակութային օջախներից է, որտեղ ներկայացված է թե՜ դասական, թե՜ ժամանակակից հայ կերպարվեստը։ Թանգարանի ֆոնդերը ներառում են շուրջ 1800 թանգարանային նմուշներ՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ցուցադրված են ոչ միայն լոռեցի գեղանկարիչների ստեղծագործությունները։