Աղասին վերջապես հասկացել է
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին, որը դասախոսությունով հանդես է եկել Լոնդոնի համալսարանում, տեղի թերթերից մեկին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ է ցանկացել ասել իր ինքնակենսագրական գրքում:
«Ես ցանկանում էի մարդկանց պատմել իմ իրական կյանքի մասին, ինչը լրիվ այլ կերպ էին պատկերացնում իմ երկրպագուները: Երեք տարի շարունակ տանը նստած գրում էի իմ ինքնակենսագրականը, որի ընթացքում միշտ մտածել եմ մեկ բանի մասին` գտնել ճշմարտությունը»:
Աղասին նաեւ խոստովանել է, որ մինչեւ 1997 թ չէր սիրում թենիսը եւ իրեն զգում էր «անիվը պտտեցնող դաշտամկան» նման. «Ես երբեք չեմ եղել թենիսի աշխարհի մասնիկը, որի անքակտելի մասերն են եղել թմրանյութերը, ալկոհոլը, գեղեցիկ աղջիկները: Իմ գործընկերները մշտապես խոստովանում էին, որ շատ են սիրում թենիսը եւ կորտերում տիրող մրցակցությունը, բայց դրանք կեղծ էին հնչում»:
Անվանի թենիսիստը վերջում հայտարարել է, որ չի զղջում ապրած կյանքի ու անցած մարզական ուղղու համար, չնայած եղել են նաեւ դժվար ժամանակներ, որոնք նույնիսկ վախի զգացումներ են առաջացրել իր մոտ:
Հիշեցնենք, որ Անդրե Ագասիի ինքնակենսագրականը լույս է տեսել նոյեմբերի սկզբին եւ անմիջապես մեծ աղմուկ է բարձրացրել թենիսի աշխարհում, քանի որ դրանում Աղասին խոստովանել է, որ ստրեսսային վիճակից դուրս գալու համար ինքը հաճախ դիմել է թմրանյութերի օգնությանը: