Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ԱԻ աշխատողների սոցիալական պաշտպանվածությանը․ վարչապետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է ԱԻՆ աշխատողի օրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Նա ընդգծեց՝ այս տարի այս օրը նշվում է առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:
«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավական լուրջ աղետների առաջ: Ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի առիթով և հույս, ցանկություն ու համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ասաց, որ նոր ժամանակներում՝ կապված կլիմայական փոփոխության հետ, արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում, և կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, ԱԻ արդյունավետ կառավարելու հարցը պիտի լինի մշտական ուշադրության կենտրոնում:
Փաշինյանը նշեց՝ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պիտի դարձնի ԱԻ աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին:
«Պետք է մեծ ուշադրություն դարձնենք ԱԻ նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Ինչքան էլ արձանագրենք, որ կլիմայական փոփոխություններն ԱԻ ռիսկերը մեծացնում են, միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ ռիսկերը դառնում են կոնկրետ մարտահրավերներ՝ բացառապես մարդկային գործոնի բերումով»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց՝ ԱԻՆ փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչև վերջ և ամբողջությամբ գնահատել և գիտակցել, թե իր՝ առաջին հայացքից անմեղ թվացող պահվածքը ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ:
«Առավել մեծ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ծախսենք այս խնդրի լուծման համար, կանխարգելման աշխատանքներ իրականացնելը միշտ ավելի արդյունավետ է, պակաս ծախսատար ու առավել կարևոր»,- նշեց վարչապետը։