Վեթինգը մեռավ՝ դեռ չծնված․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ դատաիրավական համակարգում արմատական փոփոխություններ անելու համար 2-3 ամիսը բավարար չէ։
«Դատական համակարգը այնպես չէ, որ ենթադրենք՝ ինչ-որ շրջանի դատավորներին այսօր աշխատանքից ազատեցիր, վաղը կարող ես նրանց փոխարինող բերել։ Ի վերջո դատարանները սպասարկում են բնակչությանը։ Ասֆալտին փռելը մեթոդ չի, եթե տվյալ դատավորը անշահախնդիր սեր ունի կաշառքի հետ, ուզում ես նրան ասֆալտին փռիր, ուզում ես նրան գործուղիր տիեզերք, նա հենց հայտնվեց հողի վրա, նույն կերպ է վարվելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը համակարծիք է իշխանության հետ՝ դատաիրավական համակարգում փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց պետք է դրանք խելամիտ և աշխարհում ընդունված տարբերակով լինեն։
«Բա հետո ասում են՝ ինչո՞ւ ներդրում չի լինում, ներդրողների հետ էլ ենք խոսում, մարդիկ ասում են՝ ես ո՞վ եմ, որ ձեր երկրում չփռեն գետնին, եթե ձեր երկրում արդարադատության գործակատարներին փռում են գետնին և ծեփում պատերին, բա ես ո՞վ եմ, որ ինձ խնայեն։ Դրա համար էլ չեն գալիս, դրա համար էլ ներդրում չկա ու չի լինելու։ Քանի դեռ իշխանությունների միջև համերաշխություն չկա, ներդրում չի լինելու»,- ասաց նա։
ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ վեթինգի մասին խոսել՝ պատճառաբանելով․
«Վեթինգը մեռավ՝ դեռ չծնված, դա մեռելածին մանուկ է և այդպիսի երևույթների մասին խոսելու սովորություն չունեմ»,- ասաց նա։