Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի ծանրորդները երկրորդ մեդալը նվաճեցին աշխարհի առաջնությունում:

Մեր ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանն աշխարհի առաջնությունում երկրորդ արծաթե մեդալը նվաճեց Հայաստանի համար:

77 կգ քաշային ծանրորդների մրցումներում նա թեեւ բավական բարձր արդյունք ցույց տվեց` 370 կգ (170+200), սակայն ընդամենը զբաղեցրեց երկրորդ տեղը: Պատճառն այն է, որ չինացի ծանրորդ Քսիաոյուն Լյուն էլ ավելի ֆանտաստիկ արդյունքներ ցույց տվեց: Նա նախ համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում` 174 կգ, ապա` երկամարտում` 378 կգ:

Հրում վարժությունում հաղթող դարձավ հարավկորեացի Ժա-Հյուկ Սան` 205 կգ, սակայն նա ընդհանուր հաշվարկով (365 կգ) զբաղեցրեց 4-րդ տեղը, քանի որ անձնական քաշով` կոնկրետ 200 գրամով, ավելի ծանր էր, քան նույնպիսի արդյունք ունեցող չինացի մարզիկ Դային Սուն:

Նշենք, որ Տիգրան Գ. Մարտիրոսյանն փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում վարժությունում:

Հայաստանը դրեցին Ալբանիայի տեղը

Հայ ծանրորդ Տիգրան Գ. Մարտիրոսյանին ինտերնետում ներկայացրել են որպես ալբանացի:

Ծանրամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն, 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանի նվաճման մասին անմիջապես տեղեկացրին նաեւ արտասահմանյան բազմաթիվ կայքեր, սակայն ... լուրջ վրիպումով: Բանն այն է, որ դրանք մեր մարզիկին ներկայացրել են որպես Ալբանիայի ծանրորդ:

Այդ քաշային կարգում, իրոք, հանդես է եկել ալբանացի մարզիկ Էրկան Քերիմայը, սակայն նա գրավել է 7-րդ տեղը, մեր ծանրորդին զիջելով 21 կիլոգրամով:

Ահա կայքերում տեղ գտած սխալը. Tigran Martirosyan of Albania competes in the men's 77kg Group A weightlifting snatch competition at the World Weightlifting Championship in Goyang, north of Seoul, November 24, 2009.