Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հզոր մկաններ շախմատիստին պետք չեն

Սպորտ

Հայաստանի շախմատի Ակադեմիայի դահլիճում անցկացվեց Շենգավիթ համայնքի դպրոցների շախմատի առաջնությունը, որին մասնակցում են 30 թիմեր եւ 120 դպրոցականներ: Ինչպես տեղեկացրեց ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, սեպտեմբերից սկսվել է շախմատի հանրապետական համադպրոցական 4-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15000 երեխաներ: «Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով: Առաջինում մրցաշարերն անցկացվեցին հանրակրթական դպրոցներում:

Երկրորդում արդեն մրցելու են այդ դպրոցների հավաքականները (3 տղա, մեկ` աղջիկ): Երրորդում` կորոշվեն մարզերի եւ Երեւան քաղաքի ուժեղագույն թիմերը, որոնք 2010 թ մայիսին, Քաջարանում, կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Առաջին երեք փուլերում հաղթող թիմերին կհանձնվեն շախմատի տախտակներ ու ժամացույցներ, իսկ օլիմպիադայի հաղթողին` համակարգիչներ»:

Նշենք, որ օլիմպիադան համատեղ անցկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ): Վերջինս մրցաշարին աջակցելու համար այս տարի հանրապետության դպրոցներին նվիրել է 2000 շախմատի տախտակ եւ 80 շախմատային ժամացույց:

ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, որը ներկա էր ակադեմիայում անցկացվող մրցաշարին, ասաց, որ արդեն երրորդ տարին է, որ հովանավորում է օլիմպիադան: Մեր այն հարցին, թե ինչու է ՀԲԸՄ նախընտրել հենց այս մարզաձեւը, Աշոտ Ղազարյանը պատասխանեց. «Անշուշտ, բոլոր մարզաձեւերն էլ կարեւոր են մեր համար, սակայն շախմատն ամենադյուրինն ու մատչելին է դրանց մեջ: Շախմատում հարկավոր չէ ունենալ հզոր մկաններ, բարձր հասակ եւ այլ հատկանիշներ հաջողության հասնելու համար: Բացի այդ, մենք շախմատային մեծ ավանդույթներ ունենք, որոնք հարկավոր է պահպանել եւ հարստացնել: Միաժամանակ շախմատի օգնությամբ ՀԲԸՄ ցանկանում է դաստիարակել մտավոր առողջ սերունդ, երեխաներին կտրել փողոցից եւ այլ անցանկալի վայրերից»: