Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք առաջարկ

Սպորտ

Ուրուգվահայ մարզիչ Սերխիո Մարգարյանին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու մասին իր պատասխանը կտա մինչեւ դեկտեմբերի 10-ը: Նրան նման առաջարկ էր արել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը:

Սերխիո Մարգարյանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, որը պատրաստվում է 4 տարվա պայմանագիր առաջարկել 65-ամյա փորձառու մարզչին, որպեսզի հենց նա այդ երկրի հավաքականը պատրաստի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին: Այդ պաշտոնին հավակնում են նաեւ ուրուգվայցի մարզիչ Խորխե Ֆոսատին եւ արգենտինացի Էդգարդո Բաուսան:

Սերխիո Մարգարյանը վերջերս մերժել էր արգենտինական «Ռասինգի» առաջարկը' նշելով, որ ակումբի ենթակառուցվածքները չեն բավարարում իր պահանջները: Նա առաջարկ ունի նաեւ իսպանական մեկ ակումբից, սակայն վերջինիս անունը գաղտնի է պահում մարզչի գործակալը: