Սևան-Երևան մայրուղու և Սևանի թերակղզու ափամերձ հատվածներում ջուրը մաքուր է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Սևան-Երևան մայրուղու և Սևանի թերակղզու ափամերձ հատվածներում «Ա1+»-ի նկարահանող խումբը որևէ ջրիմուռ կամ կանաչած ջուր չարձանագրեց։ Նշված հատվածներում ջուրը զուլալ է։ Կային լողացող քաղաքացիներ, անգամ՝ երեխաներ:
«Սևանի ափի այդ հատվածում հանգստացողները Սևանում լողալուց չեն վախենում: Սակայն բարձրացած աղմուկից հետո թեև զբոսաշրջիկներ այցելում են, բայց հանգստացողների թիվը կտրուկ նվազել է»,- այդ մասին հավաստեց նաև լողափերից մեկի տնօրենը:
Իսկ պատճառը Սևանի ծաղկումից հետո աղմուկն էր։
Նշենք, որ Սևանի ծաղկումից հետո Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանձնարարել էր Սևանի ջրի տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել: Փորձանմուշների հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո Ֆեյսբուքի իր էջում նախարարը գրել էր հետևյալը.
«Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով: Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։