290 մլն դրամով պակաս
Աջակցիր «Ա1+»-ին2010 թվականին սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարարությանը բոյւջեով տրամադրվելու է 3 մլդ 894 մլն դրամ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին տեղեկացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
2009 թ համեմատ այդ գումարը պակասել է 290 մլն դրամով, չնայած 2010 թ տեղի են ունենալու մի շարք խոշոր մարզական միջոցառումներ, մասնավորապես' օլիմպիական ձմեռային խաղերը, անդրանիկ պատանեկան օլիմպիական խաղերը, Միջերկրածովային երկրների խաղերը:
Արմեն Գրիգորյանը կրկին հաստատեց, որ 2010 թ նախարարությունը գումարներ չի տրամադրի մարզակառույցների եւ մարզադպրոցների շինարարության եւ վերանորոգման համար: «Մենք այս ուղղությամբ գումարներ չեն նախատեսել այն պատճառով, որպեսզի կարողանանք ապահովել մեր երիտասարդ եւ պատանի մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերում»:
Արմեն Գրիգորյանն ասաց, որ նախարարության 2008-2012 թթ ծրագրով հանրապետության սահմանամերձ բնակավայրերում նախատեսված է կառուցել լողավազաններ եւ հրաձգարաններ: «Դրանց կառուցումը ուժի մեջ է մնում, սակայն մենք նախ պետք է այն ներկայացնենք կառավարությանը եւ համաձայնեցնենք բոլոր հարցերը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները»:
Անդրադառնալով ֆուտբոլի այսօրվա վիճակին' Արմեն Գրիգորյանն ասաց, որ լավ ֆուտբոլ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ լավ մարզիչներ: «Բացի դրանից մեր ֆուտբոլիստները պետք է ավելի շատ մարզվեն եւ աշխատեն իրենց վրա: Առանց դրանց, ինչպես նաեւ մարզական կենսակարգի պահպանման, հնարավոր չէ հասնել որեւէ հաջողության», - ասաց նախարարը:
Լրագրողներից մեկի այն հարցին, արդյո՞ք հանրապետությունում կա ֆուտբոլային լավ մասնագետ, որին կարելի է վստահել ազգային հավաքականի ղեկը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց: «Դա մտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասության մեջ: Ես այդ թեմայով բազմիցս զրուցել եմ ՀՖՖ-ի նախագահի հետ, սակայն վերջնական որոշումը պատկանում է հենց ՀՖՖ-ին», - եզրափակեց նախարարը: