Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանքների պատճառով

Սպորտ

Ծանրամարտի Բուլղարիայի հավաքականը, որը ուժեղագույններից մեկն է աշխարհում, չի մասնակցի նոյեմբերի 17-ին Հարավային Կորեայում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտնել է Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, նախկինում հայտնի ծանրորդ Անտոն Կոջաբաշեւը:

Նա ասել է, որ ֆեդերացիան գումարներ չունի հավաքականին մրցավայր ուղարկելու համար, քանի որ պետության կողմից հատկացված 465 հազար դոլարը ծախսել է անցած տարի խթանիչներ օգտագործած 11 ծանրորդների դիմաց տուգանքները վճարելու համար:

Բուլղարացիների չմասնակցելու փաստը հաստատել է նաեւ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամլո խոսնակը: Նա ասել է, որ աշխարհի առաջնության հայտերի ներկայացման ժամկետն արդեն ավարտվել է (հոկտեմբերի 25), եւ որ Բուլղարիայի ծանրամարտի ֆեդերացիան մինչեւ այդ օրը չի հայտավորել որեւէ մարզիկի:

Բուլղարական լրատվամիջոցներին զարմացրել է այն, որ Անտոն Կոջաբաշեւի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ առաջ երկրի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիսլավ Գիդիկովը բոլորին ի լուր հայտնել է, որ անպայման մասնակցելու են առաջնությանը` 3-ը տղամարդկանց, 2-ը կանանց մրցումներին:

Հարկ է նշել, որ բուլղարացի ծանրորդները 1955 թվականից սկսած մասնակցել են աշխարհի բոլոր առաջնություններին եւ միշտ մեդալներ են վաստակել: