Ադրբեջանը դեմ է Լեւոն Արոնյանի այցին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիայի 80-րդ համաժողովին որոշում կայացվեց 2011 թ աշխարհի չեմպիոնի կոչման համար նախատեսված հավակնորդների մրցաշարը անցկացնել երկու ենթախմբով, որպեսզի Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ստիպված չմեկնի Ադրբեջան:
Բանն այն է, որ այդ մրցաշարը ցանկանում է անցկացնել հենց մեր հարեւան երկիրը, սակայն ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Թեյմուր Տուշիեւը նշել է, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե մրցաշարը բաժանվի երկու ենթախմբի, որպեսզի աշխարհի չեմպիոնի կոչման թեկնածու Լեւոն Արոնյանի հետ կապված խնդիրներ չառաջանան: ՖԻԴԵ-ն նախապես համաձայնել է այդ տարբերակին, ըստ որի 2010 թ կանցկացվի հավակնորդների երկու մրցաշար, որոնցից յուրաքանչյուրին կմասնակցեց 4-ական շախմատիստներ: Իսկ եթե դրանցում հաղթող ճանաչվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, ապա եզրափակիչ մրցաշարը կանցկացվի չեզոք երկրում:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի 2011 թ չեմպիոնի կոչման համար կպայքարեն 8 թեկնածուներ: Նրանցից մեկը Լեւոն Արոնյանն է, որը նախապես հաղթող է ճանաչվել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մրցաշարերում: Մյուս թեկնածուները դեռ հայտնի չեն: Նրանք կորոշվեն աշխարհի գավաթի խաղարկության, Կամսկի - Թոփալով մենամարտի ժամանակ, ինչպես նաեւ «Գրան պրիի» ավարտից հետո: Թեկնածուների մրցաշարերի հաղթողը 2011 թ կմրցի աշխարհի ներկայիս չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: