Առայժմ մեկ մեդալ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս օրերին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվում է ֆրանկոֆոնյան 6-րդ խաղերը, որին մասնակցում են տասնյակ ֆրանսալեզու երկրների 3000 մարզիկ-մարզուհիներ: Հայաստանը թեեւ չի դասվում այդ երկրների շարքին, սակայն նույնպես մասնակցում է դրան: Մեր ներկայացուցիչները հանդես են գալիս սեղանի թենիսի, ձյուդոյի եւ բռնցքամարտի մրցաշարերում:
Արդեն ավարտվել են ձյուդոյի մրցումները: 60 կգ քաշային կարգում Արթուր Սրապյանը հաղթահարել է առաջին արգելքը, սակայն հետո կրել է երկու պարտություն եւ զբաղեցրել 5-րդ տեղը:
Իսկ ահա 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանը հասավ եզրափակիչ, սակայն միայն վճռորոշ մարտում զիջեց Կանադայի ներկայացուցիչ Սաշա Մեհմետովիչին եւ արժանացավ արծաթե մեդալի: 81 կգ եւ 90 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնող Գարիկ Գեւորգյանն ու Հակոբ Առաքելյանը անհաջողության մատնվեցին առաջին իսկ փուլում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:
Սեղանի թենիսի տղամարդկանց մրցաշարում Ալեքսանդր Դիարյանն իր խմբում տոնեց մեկ հաղթանակ, տանուլ տվեց երկու հանդիպումները եւ զբաղեցնելով 3-րդ տեղը' լքեց մրցասպարեզը: Թիմային մրցաշարում Հայաստանի հավաքականն իր խմբում պարտության մատնեց Ռուանդայի, Տոգոյի, Քվեբեկի թիմերին, բայց զիջեց Կանադային ու Բուլղարիային եւ չմտավ հաջորդ փուլ: Կանանց մրցաշարին կմասնակցի Հասմիկ Խաչատրյանը: Առաջին փուլում նրա մրցակիցները կլինեն Կանադան ներկայացնող չինուհի թենիսիստ Մո Ժանգը եւ ռուանդացի Ֆոնտեն Մուկամուհիզին:
Մեր բռնցքամարտիկներից առայժ հաջող է հանդես գալիս 69 կգ քաշային Գագիկ Թամազյանը, որը հաղթեց իր առաջին մրցակցին եւ մտավ 1/4 եզրափակիչ, իսկ ահա 54 կգ քաշային Հրանտ Եղյանը, 57 կգ քաշային Ռոբերտ Եղյանն ու 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանը զիջեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին պայքարից:
Նշենք, որ խաղերը կավարտվեն հոկտեմբերի 6-ին, ֆուտբոլի եզրափակիչ հանդիպումով: Ի դեպ, խաղերի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Մոնակոյի իշխան Ալբերտը: