Հայաստան - Վրաստան նոր մրցավեճ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի «Միկա» մարզադաշտում, ժամը 17-ին, տեղի կունենա բավական հետաքրքիր ֆուտբոլային հանդիպում: Միմյանց հետ կհանդիպեն Հայաստանի ու Վրաստանի վետերան ֆուտբոլիստները:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի վետերան ֆուտբոլիստների ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Պողոսյանը, հյուրերի կազմից հանդես կգան մեծ թվով անվանի խաղացողներ, այդ թվում Եվրոպայի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթողներ, նախկին ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր Ալեքսանդր Չիվաձեն ու Վլադիմիր Գուցաեւը:
«Մեր թիմում ընդգրկված են հիմնականում «Արարատ-73»-ի չեմպիոնական կազմի խաղացողները' դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Էդուարդ Մարգարովը, Նիկոլայ Ղազարյանը, ես, ինչպես նաեւ Խորեն Հովհաննիսյանը եւ այլք:
Կբացակայի մեր թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը, ով այժմ անձնական գործերով գտնվում է արտասահմանում:
Հավելենք, որ չեմպիոնական «Արարատ-73»-ի երեք ֆուտբոլիստները' Արմեն Սարգսյանը, Սերգեյ Բոնդարենկոն եւ Լեւոն Իշտոյանը բնակվում են ԱՄՆ-ում, իսկ Նազար Պետրոսյանն ու Արկադի Հարությունյանը ապրում են Ռուսաստանում: Ավաղ, կյանքից վաղաժամ հեռացել են թիմի ֆուտբոլիստներ Նորիկ Դեմիրճյանը, Ալեքսանդր Կովալենկոն ու Սանասար Գեւորգյանը: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանն այժմ Ռուսաստանի ֆուտբոլի միության ղեկավարներից է:
Նշենք, որ խորհրդային տարիներին Հայաստանի եւ Վրաստանի վարպետ թիմերի, հատկապես Երեւանի «Արարատի» եւ Թբիլիսիի «Դինամոյի» միջեւ կայացած հանդիպումները միշտ էլ անցել են սկզբունքային եւ անզիջում պայքարում: