Լուրջ հայտ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում սպասվում է բուռն վերջաբան:
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 9-րդ տուրում հաղթելով մրցաշարի առաջատարներից մեկին' Հնդկաստանի թիմին' 2,5:1,5, լուրջ հայտ ներկայացրեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Մեր շախմատիստներն առայժմ 23 միավորով զբաղեցնում են 3-րդ տեղը, սակայն արդեն ընդհուպ մոտեցել են 2-րդ հորիզոնականում գտնվող Հնդկաստանի հավաքականին, որն իր ակտիվում ունի 24 միավոր: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ռուսաստանի պատանեկան թիմը, որն այս տուրում ջախջախեց Թուրքիայի «Կարմիր» թիմին' 3,5:0,5 եւ վաստակեց 26 միավոր:
Վերջին, 10-րդ տուրում, որը կկայանա այսօր, Հայաստանի ընտրանին կհանդիպի Թուրքիայի «Կարմիր» թիմի հետ: Մեր շախմատիստների գլխավոր մրցակիցները' Հնդկաստանը, կհանդիպի Թուրքիայի աղջիկների հավաքականի հետ, իսկ Վրաստանի ընտրանին, որն ընդամենը կես միավորով է հետ մնում Հայաստանից, մրցելու է բրոնզե մեդալներին հավակնող Հունգարիայի թիմի հետ (21,5 միավոր):