Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականն արդեն 3-րդն է

Սպորտ

Մեր պատանի շախմատիստները հաղթեցին եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի իրենց հասակակիցներին:

Թուրքիայի Ախիսար-Մանիսա քաղաքում շարունակվող շախմատի թվով 16-րդ համաշխարհային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականը մրցակարգի քմահաճույքով հերթական տուրերում ուժերը չափեց հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի ընտրանիների հետ:

7-րդ տուրում մեր պատանի շախմատիստները պարզապես ջախջախեցին Վրաստանի իրենց հասակակիցներին' 3,5:0,5: Իսկ այսօր առավոտյան Հայաստանի հավաքականն արդեն 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի թիմին: Երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Հայկ Վարդանյանը հաղթեց Զաուր Ֆազահիր Օղլու Մամադովին, իսկ մեր մյուս երեք շախմատիստները' Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Աղասարյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանն, իրեն պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Հնդկաստանի հավաքականները, որոնք վաստակել է 22,5-ական միավոր: Հայաստանի ընտրանին 20,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Այսօր երեկոյան մեր հավաքականը կմրցի առաջատարնեից մեկի' Հնդկաստանի թիմի հետ: