Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր առաջարկ Էդուարդ Երանոսյանին

Սպորտ

Պլովդիվի «Լոկոմոտիվը» ցանկանում է ակումբ վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին ու մարզչին:

Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող, մեր հայրենակից Էդուարդ Երանոսյանը, կրկին հրավիրվել է Պլովդիվի «Լոկոմոտիվ»: Վերջինիս նախագահ Գալյա Թոփալովան նրան առաջարկել է ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Էդուարդ Երանոսյանը երկար տարիներ հանդես  է եկել հենց Պլովդիվի «Լոկոմոտիվում», իսկ հետագայում մարզել է թիմը: Նրա օրոք «երկաթուղային» ֆուտբոլիստները 2004 թվականին առաջին անգամ (առայժմ միակը) նվաճեցին երկրի չեմպիոնի կոչումը:

Էդուարդ Երանոսյանը ներկայումս որակազրկված է, քանի որ նրա նախկին թիմի' Կիպրոսի ԱՊՕՊ-ի ֆուտբոլիստները բռնվել էին խթանիչներ օգտագործելու մեջ: Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ Էդուարդ Երանոսյանն այդ մասին տեղյակ է եղել, սակայն չի տեղեկացրել Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիային:

Հավելենք, որ Գալյա Թոփալովան ամեն ինչ անում է Պլովդիվի «Լոկոմոտիվի» երկրպագուների դժգոհությունները մեղմելու համար, քանի որ վերջինները գտնում են, որ ակումբի նախագահը ոչինչ չի անում թիմն ուժեղացնելու եւ խորը ճգնաժամից դուրս բերելու համար: Իսկ ահա Էդուարդ Երանոսյանը մեծ հարգանք ունի ֆուտբոլասերների շրջանում, այդ իսկ պատճառով հայտնվել է Գալյա Թոփալովայի ուշադրության կենտրոնում: