Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու հավաքականն էլ զիջեցին

Սպորտ

Գերմանական Շտուտգարտում շարունակվող սեղանի թենիսի 2009 թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 37-40-րդ տեղերի համար մրցաշարի առաջին խաղում 1:3 հաշվով զիջեց Բոսնիայի եւ Հերցեգովինայի ընտրանուն:

Այդպիսով, մեր թենիսիստները Սան Մարինոյի թիմի հետ կպայքարեն ընդամենը 39-րդ հորիզոնականի համար: Երեկ կողմերը երկու մրցավեճ անցկացրին: Մեսրոպ Ղուկասյանը պարտվեց, իսկ ահա Մուրադ Ասատրյանը' հաղթեց, ուստի մրցամարտում առայժմ հավասարություն է' 1:1: Իսկ ահա մեր հարեւան Ադրբեջանի ընտրանին իր խմբում չկարողացավ մտնել առաջին եռյակ, եւ այժմ պայքարում է 41-րդ տեղի համար:

Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ խաղում, անչափ լարված պայքարում, զիջեց Նորվեգիայի ընտրանուն' 2:3: Մեր թենիսիստուհիները չնայած երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն չկարողացան պահպանել առավելությունը, ընդ որում նրանք իրենց վերջին երկու հանդիպումներում մրցակիցներին պարտվեցին միեւնույն 2:3 հաշվով: Այդպիսով, նորվեգուհիները ժամանակից շուտ գրավեցին 33-րդ տեղը: Այսօր մեր թիմը կհանդիպի Կոսովոյի հավաքականի հետ եւ հաղթանակի դեպքում կզբաղեցնի հաջորդ' 34-րդ հորիզոնականը: Ադրբեջանուհիները թեեւ ընդգրկված էին ավելի բարձր խմբում, սակայն անհաջող հանդես եկան եւ այսօր պետք է մրցեն 31-32-րդ տեղերի համար: