Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդկանց հավաքականը 3-րդն է իր խմբում

Սպորտ


Գերմանական Շտուտգարտում ընթացող սեղանի թենիսի 2009 թ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կպայքարի 37-40-րդ տեղերի, իսկ կանանց ընտրանին` 33-35-րդ տեղերի համար:

Մեր տղամարդկանց հավաքականը (Մեսրոպ Ղուկասյան, Մուրադ Ասատրյան, Գարեգին Մկրտչյան) Ստանդարդ դիվիզիոնի «Ջ» խմբի վերջին երեք հանդիպումներում տարավ մեկ հաղթանակ, իսկ երկուսում` պարտություն կրեց:

Փոքր ռակետի մեր վարպետները նախ հաղթեցին Սան Մարինոյի թիմին` 3:0, ապա նույն հաշիվներով զիջեցին Իռլանդիայի եւ Լիտվայի հավաքականներին: Վաստակելով 8 միավոր` Հայաստանի ընտրանին զբաղեցրեց 3-րդ տեղը: Այժմ մեր թենիսիստները կպայքարեն 37-40-րդ տեղերի համար: Այս փուլում մեր հավաքականի առաջին մրցակիցը կարող են դառնալ Ադրբեջանի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի կամ Կիպրոսի հավաքականները, որոնք դեռեւս չեն ավարտել խմբային փուլը:

Հայաստանի կանանց հավաքականը (Տաթեւիկ Ենգիբարյան, Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան), որը նույնպես հանդես է գալիս Ստանդարդ դիվիզիոնում, իր երկրորդ մրցախաղում 3:0 հաշվով հաղթեց Կոսովոյի թիմին: Այսօր մեր թենիսիստուհիները երկրորդ անգամ կհանդիպեն դիվիզիոնի միանձնյա առաջատար Նորվեգիայի ընտրանու հետ, իսկ վաղը կրկին կմրցեն Կոսովոյի թիմի հետ: Եթե մեր հավաքականին չհաջողվի հաղթել նորվեգուհիներին, ապա անկախ վերջին հանդիպման արդյունքից, կզբաղեցնի 34-րդ տեղը:

Նշենք, որ թիմային մրցաշարերի ավարտից հետո կսկսվեն անհատական մրցումները եւ զուգախաղերը: