Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հաղթեց «Փյունիկին»

Սպորտ

Այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Աշտարակի «Միկան» իր մարզադաշտում հյուրընկալեց առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկին»: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը, երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը, անչափ կարեւոր հաղթանակ տարան: Հանդիպման 52-րդ րոպեին «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքսը հեռահար հարվածով գեղեցիկ գոլ խփեց, իսկ 74-ին թիմի ավագ Ալեքսանդր Թադեւոսյանը 11 մ հարվածով կրկնապատկեց հաշիվը: Այս հաղթանակից հետո «Միկան» կրկին կրճատեց «Փյունիկի» նկատմամբ եղած միավորների տարբերությունը' այն հասցնելով 3-ի:

Խաղից հետո դաշտի տերերի գլխավոր մարզիչ ՍամվելԴարբինյանն ասաց, որ գոհ է թե թիմի խաղից, եւ թե արդյունքից: «Կիլիկիայից» կրած պարտությունից հետո մենք այլեւս նահանջելու տեղ չունեինք: Այսօր բոլոր տղաներն էլ լավ խաղացին: Ինձ թվում է, որ առաջնության 4-րդ շրջանն ավելի հետաքրքիր պայքարում կանցնի»:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը համաձայնեց իր տարեց գործընկերոջ հետ, նշելով, որ մրցակիցը, իրոք, արժանի հաղթանակ տարավ: «Չգիտեմ ինչն էր պատճառը, բայց այսօր «Փյունիկը» շատ վատ խաղաց: Միգուցե պատճառն այն էր, որ հավաքականի հանդիպումներից հետո տղաները կորցրել էին ռիթմի զգացողությունը: Համենայդեպս, առաջատարների մրցավեճ էր, եւ մեր ցույց տված խաղով մենք չէինք կարող հաղթել»: 

21- տուր մյուս հանդիպումները

«Բանանց» - «Կիլիկիա» 5:0

«Արարատ» - «Ուլիս» 1:1

«Շիրակ» - «Գանձասար» 2:1

Մրցաշարային աղյուսակը

Սեպտեմբերի 14-ի դրությամբ

    Թիմ                       Խ Հ Ո Պ    Գ     Մ

1 «Փյունիկ»                21 14 5 2 39-10 47

2 «Միկա»                  21 14 2 5 46-23 44

3 «Ուլիս»                   21 12 4 5 32-15 40

4 «Բանանց»              21 11 2 8 32-20 35

5 «Գանձասար»        21 9 2 10 18-29 29

6 «Շիրակ»                 21 4 7 10 18-42 19

7 «Կիլիկիա» 21 4 3 14 17-37 15

8 «Արարատ»            21 1 5 15 10-36 8

Ռմբարկուներ

Բոտի Դեմել («Միկա»)' 11

Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)' 11

Արթուր Քոչարյան («Ուլիս»)' 10

Արամ Ոսկանյան («Միկա»)' 10

Արտյոմ Ադամյան («Ուլիս»)' 8

22-րդ տուր

19.09. «Միկա»-«Գանձասար»

19.09. «Արարատ»-«Շիրակ»

20.09. «Բանանց»-«Փյունիկ»

20.09. «Ուլիս»-«Կիլիկիա»