Երեք արծաթ
Աջակցիր «Ա1+»-ինԱնցած շաբաթ-կիրակի հայ մարզիկները հերթական մրցանակները վաստակեցին միջազգային մրցասպարեզներում:
Միլանում ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանին մեդալ պարգեւեց միայն Անդրանիկ Հակոբյանը (մինչեւ 75 կգ քաշային կարգ): Նա մտավ եզրափակիչ, սակայն վերջին մենամարտում «չոր»' 0:9 հաշվով զիջեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբաս Աթոեւին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Մեր մյուս 8 բռնցքամարտիկներն անվստահ հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին մրցանակների համար պայքարից: Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը (մինչեւ 48 կգ քաշային կարգ) նույնպես նվաճեց արծաթե մեդալ:
Իսրայելական Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի պատվիրակները եւս երկու մեդալ նվաճեցին: Պատանիների մինչեւ 94 կգ քաշային կարգում Համլետ Պողոսյանը, երկամարտում ցույց տալով 303 (135+168) կգ արդյունք, ճանաչվեց երկրորդը: Առաջին տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Վիլիամին Ալեքսիձեն' 307 կգ արդյունքով:
Գերծանր քաշային ծանրորդների մրցաշարում արծաթե մեդալին տիրեց Հայաստանի մասնակից Հրաչ Ղարիբյանը, որը երկամարտում ցույց տվեց 329 (148+181) կգ արդյունք: Հարկ է նշել, որ նա 38 կգ-ով զիջեց մրցումների հաղթող, լատվիացի Արթուրս Պլեսնիեկսին, որը չնայած անձնական քաշով ամենաթեթեւն էր 13 մասնակիցների մեջ, բայց իրեն հավասարը չուներ ոչ պոկում (160 կգ), ոչ էլ հրում (207 կգ) վարժություններում: Այդպիսով, մեր ծանրորդները Իսրայելից վերադարձան 5 մեդալներով' 1 ոսկյա եւ 4 արծաթյա:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ձյուդոյի Եվրոպայի 2009 թ երիտասարդական առաջնության մրցումների վերջին օրը, մեր մարզիկներին, ավաղ, չհաջողվեց կանգնել պատվո պանդվանդանի որեւէ աստիճանին, բայց ահա ադրբեջանցի ձյուդոյիստ Էլմար Գասիմովը հաղթող ճանաչվեց իր քաշային կարգում (մինչեւ 100 կգ) եւ մարզադահլիճում հնչեցնել տվեց իր երկրի օրհներգը: Ի դեպ, հայ հանդիսակաները շատ հանգիստ ընդունեցին այդ փաստը եւ տրիբունաներից նույնիսկ մի սուլոց չհնչեց: