Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդիկ հաղթեցին,կանայք' պարտվեցին

Սպորտ

Գերմանական Շտուտգարտ քաղաքում մեկնարկեց սեղանի թենիսի 2009 թ Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները:

Մեր տղամարդկանց հավաքականը' Մեսրոպ Ղուկասյան, Մուրադ Ասատրյան, Գարեգին Մկրտչյան կազմով, ընդգրկվել է Ստանդարդ, ամենացածր դիվիզիոնի «Ջ» խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ Լիտվայի, Սան Մարինոյի, Մալթայի, Իռլանդիայի եւ, զարմանալիորեն, Կոսովոյի ազգային թիմերը (վերջինս դեռեւս ճանաչում չի ստացել ՄԱԿ-ի կողմից):

Հայաստանի հավաքականը վստահ սկսեց ելույթները առաջնությունում եւ միեւնույն 3:0 հաշվով պարտության մատնեց Կոսովոյի եւ Մալթայի ընտրանիներին: Երկու տուրից հետո մեր հավաքականը 4 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում Լիտվայի թիմի հետ: Այսօր փոքր ռակետի մեր վարպետները կանցկացնեն հաջորդ երեք հանդիպումները: Սկզբից ուժերը կչափեն Մալթայի, ապա Իռլանդիայի, իսկ վերջում Լիտվայի թիմերի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը (Տաթեւիկ Ենգիբարյան, Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան) նույնպես ընդգրկվել է Ստանդարդ դիվիզիոնում, որտեղ մեր թենիսիստուհիների մրցակիցներն են Նորվեգիայի եւ Կոսովոյի թիմերը (Իսլանդիայի ընտրանին հրաժարվեց մասնակցությունից): Առաջին խաղում մեր հավաքականը 2:3 հաշվով զիջեց Նորվեգիայի թիմին: Նույն օրը նորվեգուհիները հաղթեցին նաեւ Կոսովոյի ընտրանուն' 3:0, եւ ժամանակից շուտ գրավեցին առաջին տեղը: Այսօր Հայաստանի եւ Կոսովոյի հավաքականները միմյանց հետ մրցամարտում կպայքարեն 2-րդ տեղի համար: