Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտյոմ Բաղդասարյանը Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Գյումրեցի ձյուդոյիստ Արտյոմ Բաղդասարյանը Եվրոպայի 2009 թ երիտասարդական առաջնության մինչեւ 73 կգ քաշային կարգի մրցաշարում հաղթելով բոլոր մրցակիցներին` նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը:

Եզրափակիչում Արտյոմն անչափ լարված պայքարում, ի հաշիվ միակ հաջողված հնարքի, պարտության մատնեց Հունաստանի ներկայացուցիչ Դավիդ Ցոկուրիսին: Մենամարտի ավարտից հետո Եվրոպայի նորընծա չեմպիոնն լրագրողներին ասաց, որ հավատում էր հաղթանակին: «Առաջին հերթին հպարտ եմ, որ Հայաստանի դրոշը առաջինը կբարձրացվի մարզահամերգային համալիրում: Բոլոր մրցամարտերն էլ դժվար ստացվեցին, հատկապես եզրափակիչը, բայց երբ հասնում ես գագաթնակետին, արդեն չես մտածում հաղթանակների դիտարժանության մասին: Բայց իմ ամենամեծ երազանքն է նվաճել օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը»:

Ի դեպ, մեդալների համար մենամարտերից առաջ տեղի ունեցավ առաջնության բացման պաշտոնական արարողությունը: Այն սկսվեց դհոլչիների խմբի նվագով, ապա բանակային նվագախմբի կողմից կատարված քայլերգի ուղեկցությամբ մրցասպարեզ դուրս բերվեցին առաջնության մասնակից 38 երկրների դրոշները: Ողջույնի խոսքով հանդես եկան ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ձյուդոյի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը: Նշենք, որ Սոլովեյչիկը ՁԵՖ-ի ոսկե մեդալներով պարգեւատրեց Գ. Ծառուկյանին, Ա. Գրիգորյանին ու Ա. Ավետիսյանին, իսկ Հայաստանի ՁՖ-ի նախագահն իր հերթին պարգեւներ հանձնեց Սոլովեյչիկին, ՀԱՕԿ-ի նախագահին, ՀՀ սպորտի նախարարին եւ արարողությանը ներկա գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը, ինչպես հայտնի է, Եվրոպայի 2009 թ երիտասարդական առաջնության կազմկոմիտեի նախագահն է:

 

Բացման արարողությունն ավարտվեց բավականին հագեցած եւ տպավորիչ համերգային ծրագրով ու կրկեսային ակրոբատիկայով: Ավաղ, համերգային մասի սկիզբը տեխնիկական պատճառով մի քանի րոպե ուշացումով սկսվեց: Դե, իսկ երբ Բաղդասարյանին հանձնվեց ոսկե մեդալը, համալիրի լեփ-լեցուն տրիբունաները քիչ անց դատարկվեցին: Պատճառն այն էր, որ ձյուդոյիստներին հիմնականում աջակցելու էին եկել դպրոցականներ, որոնց մեծ մասը պարզապես պատկերացում չունեին ձյուդոյի մասին, ուստի նրանց հետաքրքրում էր միայն մեր մարզիկների ելույթը: Զարմանալի չէ, որ Հայաստանի դրոշը թափահարող մեկ տղա երեխա դիմելով իր ընկերներին, բարձրաձայն ասաց. «Չնայած ձյուդո չեմ սիրում, բայց ... Հա-յաս-տան, Հա-յաս-տան»: