Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկ» - «Շիրակ»

Սպորտ

«Փյունիկն» որոշ դրվագներում հիշեցում էր իրեն, իսկ այլ դրվագներում մեր խաղացողներն այնպիսի ֆանտաստիկ բաներ էին անում, որ չեմ կարողանում հասկանալ: Բայց ընդհանուր առմամբ տղաները վատ չխաղացին, հատկապես երկրորդ խաղակեսում: 90 րոպե հնարավոր չէ ցույց տալ լավ խաղ, չնայած պետք է աշխատենք հասնել նաեւ դրան, բայց ցանկանում եմ, որ հանդիպման մեծ հատվածում թիմը ցուցադրի որակյալ ֆուտբոլ», - այսպես մեկնաբանեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 20-րդ տուրի «Փյունիկ» - «Շիրակ» հանդիպումը դաշտի տերերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նշենք, որ խաղն ավարտվեց փյունիկցիների վստահ հաղթանակով` 4:0: Նրանք արդեն 2-րդ րոպեին բացեցին հաշիվը, իսկ մնացած երեք գոլերը խփեցին ընդմիջումից հետո, երբ մրցակիցը սկսեց տեղի տալ:

«Շիրակի» սկսնակ մարզիչ Վարդան Բիչախչյանն խաղի կապակցությամբ ասաց, որ մինչեւ երկրորդ գոլը պայքար կար դաշտում, բայց հետո զգացնել տվեց մրցակցի լավ պատրաստվածությունը: «Հաշվի առնելով այն, որ մենք ընդհանրապես հավաքներ չեն անցկացրել, մարզվել ենք միայն Գյումրիում, ապա թիմի ներկայիս ֆիզիկական վիճակը կարելի է նորմալ համարել: Մեր գլխավոր թերությունն այն է, որ չենք կարողանում իրացնել ռեալ գոլային պահերը, ինչպես դա եղավ այս խաղի ժամանակ, երբ Խոջոյանի մոտիկից գլխով կատարած հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից»:

 

Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Փյունիկը» կրկին ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին տեղում: