ԱՄՆ-ն պարտություն կրեց
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում ավարտվեց «Ոսկե գավաթի» խաղարկությունը, որին մասնակցեցին Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի ուժեղագույն 12 հավաքականները: Հաղթահարելով նախնական բոլոր արգելքները` եզրափակիչ մտան այս տարածաշրջանի ամենահզոր երկու հավաքականները` ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի ազգային թիմերը:
Խաղը կայացավ Նյու Յորքի «Ջիանթս» մարզադաշտում, 79.156 հանդիսականների ներկայությամբ: Չնայած հզոր աջակցությանը, դաշտի տերերը չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ վերելքով հանդես եկող հյուրերին, եւ խոշոր հաշվով պարտություն կրեցին` 0:5: Հյուրերը հատկապես գերազանց անցկացրին երկրորդ 45 րոպեները, երբ Խերարդո Տորադոն, Ջիովանի Դոս Սանթոսը, Կառլոս Ալբերտո Վելան, Իսրայել Կաստրոն ու Գիլերմո Ֆրանկոն մեկը մյուսի ետեւից գրավեցին Տրոյ Պերկինսի պաշտպանած դարպասը:
Այդպիսով, Մեքսիկայի հավաքականը ընդհատեց ԱՄՆ-ի ընտրանու հաղթարշավը, որը դարձել էր նախորդ երկու խաղարկությունների (2005, 2007 թթ) հաղթողը: մեքսիկացիները 5-րդ անգամ տիրեցին ԿՈՆԿԱԿԱՖ-ի «Ոսկե գավաթին» (մինչ այդ` 1993, 1996, 1998, 2003 թթ): Մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ մեքսիկացի Միգել Սաբախը, որը իր անվան դիմաց գրանցեց 4 գոլ:
Կոնդադորի երկրորդ «Տուր դե Ֆրանսը»
Երեկ Փարիզի Շան զե Լիզե հայտնի փողոցում եզրագիծը հատեց աշխարհի ամենահեղինակավոր հեծանվավազքը`«Տուր դե Ֆրանսը»: Վերջին փուլում լավագույն արդյունք ցույց տվեց բրիտանացի Մարկ Կավենդիշը: Նրանից քիչ ետ մնացին Մարկ Ռենշոուն (Ավստրալիա) եւ Թայլեր Ֆարարը (ԱՄՆ): Սակայն ընդհանուր հաշվարկով նրանցից ոչ մեկը չդարձավ մրցանակակիր: Երկրորդ անգամ հեծանվավազքի հաղթող ճանաչվեց «Աստանա» թիմի հեծանվորդ, իսպանացի Ալբերտո Կոնդադորը (առաջինը` 2007 թվականին): Երկրորդ արդյունքը ցույց տվեց լյուքսեմբուրգցի Էնդի Շլեկը, իսկ մրցանակային եռյակը եզրափակեց հեծանվասպորտի կենդանի լեգենդ, ամերիկացի Լենս Ամստրոնգը, ով 4 տարի ընդմիջումից հետո է վերադարձել մեծ սպորտ:
Երիտասարդ հեծանվորդների մրցապայքարում լավագույն արդյունք ցույց տվեց նույն Էնդի Շլեկը: Թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց «Աստանան», երկրորդ ճանաչվեց «Գարմինը», երրորդ` «Սաքսո բանկը»: