Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ, ՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մշակույթ


«Եվրատեսիլ 2009»-ին մասնակցելու համար արդեն 20 հայտ է ներկայացվել: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի պատասխանատու, պատվիրակության ղեկավար Նարեկ Ադոնցը նշեց հայտ ներկայացրած միայն մի քանի երգիչների անուններ` Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Արամե, Մհեր:


Փետրվարի 7-ին ավարտվելու է հայտերի ընդունումը, իսկ փետրվարի 14-ին էլ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կընտրվի «Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանը ներկայացնող երգիչը կամ երգչուհին: Ընտրությունը կկատարվի ժյուրիի (50 տոկոս) եւ հեռուստադիտողիների SMS քվեարկությամբ (50 տոկոս): Ներկայացվող երգը չպետք է լինի 3 րոպեից ավելի, եւ չպետք է պարունակի որեւէ քաղաքական ենթատեքստ:


Տեղեկացնենք, որ 2009 թ «Եվրատեսիլը» կայանալու է Մոսկվայում մայիսին 12,14,16-ին: Մայիսի 12-ին եւ 14-ին կկայանա «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչ փուլը, իսկ եզրափակիչը` մայիսի 16-ին:


Ի դեպ, «Եվրատեսիլ- 2009» մրցույթին հայտ ներկայացրած Մհերը Հայաստանը ներկայացրել էր Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթում` արժանանալով հանդիսատեսի համակրանք կոչմանը: Արամեն էլ «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել էր «Լավագույն երգիչ» մրցանակը:


Հիշեցնենք, որ առաջին անգամ «Եվրատեսիլ -2006»-ին մասնակցող երգիչ Անդրեն գրավեց 8-րդ հորիզոնականը` ստանալով 129 միավոր «Without your love» երգի համար: «Եվրատեսիլ 2007»-ում Հայաստանը ներկայացնող Հայկոն գրավել էր 8-րդ տեղը` ստանալով 138 միավոր իր «Any time you need» երգի համար: Իսկ Սիրուշոն էլ «Եվրատեսիլ 2008»-ում գրավել է 4-րդ տեղը իր «Քելե, քելե» երգի համար` ստանալով 203 միավոր: