ԵԹԵ ՁԱՆՁՐԱՑՆՈՒՄ Է, ԱՐՎԵՍՏ ՉԷ
Աջակցիր «Ա1+»-ին«Բալետում շրթունքների փոխարեն մենք խոսում ենք մարմի լեզվով: Այստեղ առաջին հերթին կարեւորվում է ինքը՝ թատրոնը, այլ ոչ թե բարդ տեխնիկական հնարքները: Այդ դեպքում կարող են ուղղակի կրկես գնալ: Եթե հանդիսատեսը տուն է գնում ու ոչինչ չի հիշում այդ օրվա ներկայացումից, ուրեմն ամեն ինչ իզուր է եղել: Եթե մի ներկայացում ձանձրացնում է իր պարային տեխնիկայով, ուրեմն դա արվեստ չէ»,- այսօր Օպերայի եւ բալետի ազգային ակդեմիական թատրոնի պարուսույցների եւ պարողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց ռուս աշխարհահռչակ բալետի պարուհի Մայա Պլեսեցկայան:
Երիտասարդ պարողները, սակայն, այնքան էին հուզվել նրա հանդիպման ժամանակ, որ բացի տեսալուսանկարելուց, չէին կարողանում ձեւակերպել իրենց հարցերն ու էլ ավելի մտերմիկ զրուցել նշանավոր պարուհու հետ: Պլեսեցկայան դա եւս նկատել էր եւ փորձում էր ինքն անկեղծ զրույց սկսել նրանց հետ, ինչպես նաեւ ընդառաջել երիտասարդներին եւ կես ժամից ավելի լուսանկարվել նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին:
Այնուհետեւ նա հանդիպեց լրագրողների հետ եւ պատմեց Հայաստանից ու հայ երիտասարդ պարողներից, հանդիսատեսից ստացած իր տպավորությունների մասին: Առաջին հերթին նա հիացած էր հայ հանդիսատեսի պահվածքից: Պլեսեցկայայի ասելով՝ հայ հանդիսատեսն ամենաուշադիր, հասկացող եւ զարմանահրաշ այն հանդիսատեսն է, որի մասին յուրաքանչյուր արվեստագետ կերազեր ուղղակի: «Երեկ, երբ այստեղ մասնակցում էի մի ներկայացման, ես զարմացած էի ուղղակի. մի ամբողջ դահլիճ լի հանդիսատեսով եւ քար լռություն, շունչը պահած, մեծ հետաքրքությամբ հետեւում են ներկայացմանն այնպես, որ եթե աչքերդ մի պահ փակեիր, քեզ կթվար, թե դահլիճը դատարկ է»,- պատմում էր բալետի աշխարհահռչակ պարուհին:
Երեւանում ամենից շատ նրան դուր էր եկել Առնո Բաբաջանյանի արձանը, որին նայելիս պարուհին լիարժեք կարողանում էր վերհիշել նրա կերպարն ու բուռն խառնվածքը: Մայա Պլեսեցկայան անդրադարձավ նաեւ բալետի այսօրվա իրավիճակին՝ կենտրոնանալով հատկապես պարողների պատրաստվածությանն ու նրանց ձգտմանը՝ դառնալ պրոֆեսիոնալ: Որպես կանոն՝ նա իր բոլոր սաներին խորհուրդ է տալիս առաջնահերթ զբաղվել սպորտով, քանի որ եթե նախկինում մարմնի ճկունության այլ` ավելի ցածր չափանիշներ էին առաջադրում բալետի պարողներին, ապա այսօր այդ չափանիշները կրկնապատկվել են: «Որպեսզի դու լինես բոլորից լավն ու իսկապես պրոֆեսիոնալ, պետք է ձգտես էլ ավելինին: Իսկ այսօր պարողների մոտ հոգեբանությունն այդ իմաստով մի փոքր փոխվել է»,- ասում է Պլեսեցկայան:
Ըստ նրա՝ բացի այն, որ բալետի պարողները գրեթե չեն զբաղվում սպորտով, նրանք նաեւ երաժշտությունը լավ չեն ընկալում ու փորձում շարժվել նրան համահունչ: Այստեղ, ըստ նրա՝ մեղավորության մեծ մասնաբաժինն ընկնում է նաեւ դիրիժորների վրա, որոնք փորձում են ընդառաջել պարողներին ու նրանց «ետեւից» գնալ, այլ ոչ թե հակառակը: Այստեղ նա հիշեց իր անցյալը, որն, ի դեպ, զետեղված է «30 տարի անց» ինքնակենսագրական գրքում, եւ ընդգծեց, որ կարիերայում նա հասցրել է մեծ վերելքի հասել միայն իր «արյան գնով»: «Խորհրդային միության տարիներն էին եւ ինձ պարբերաբար մեղադրում էին, որ դասական բալետի դավաճան եմ: Նույնիսկ իմ ներկայացման օրը մեր խմբին անհայտ էր՝ մեզ կթույլատրե/ն բեմ դուրս գա՞լ, թե՞ ոչ: Սակայն այդ տարիներին մենք կարողացանք անել ավելին»,- հիշում է նա: