Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՏԱՆԻՆԵՐՆ ԵՆ

Սպորտ

Շենգավիթի սպորտդպրոցում մեկնարկեց Երեւան քաղաքի 2008թ. բասկետբոլի առաջնությունը, որին մասնակցում են 1992-93թթ., 1994-95թթ. ծնված պատանիների եւ աղջիկների 26 թիմեր, որոնցում ընդգրկված են 256 բասկետբոլիստներ: Առաջնությունում հանդես են գալիս «Նաիրի», «Շենգավիթ», «Կենտրոն», «Պոլիտեխնիկ», «Մխիթար Սեբաստացի», «Արաբկիր», «Արաբկիր ԽՄ», «Էրեբունի», ԽՄՕՄ եւ թիվ 114 դպրոցի թիմերը: 2 տարիքային խմբում ընդգրկված տղաներն եւ աղջիկներն առաջիկա 3 ամիսների ընթացքում շրջանաձեւ համակարգով կմասնակցեն առաջնությանը` վիճարկելով չեմպիոնի կոչումը: Հաղթող թիմերը սեպտեմբերին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը:

Բացման արարողությանը ներկա էին մի շարք հյուրեր, սպորտի եւ երիտասարդության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Դպրոցի տնօրեններից բացմանը ներկա էր միայն Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որը եկել էր աջակցելու իր սաներին:

Մրցաշարի բացման արարողության ժամանակ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նմանատիպ մրցաշարերը շարունակվելու են նաեւ առաջիկայում. «Սա մեր առաջին համատեղ ծրագիրն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սպորտի եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի հետ: Մենք քաջ գիտակցում ենք, որ ունենալով առողջ սերունդ` ապահովում ենք մեր պաշտպանված ապագան: Առաջիկայում նման մրցաշար կկազմակերպվի նաեւ մարզերում, որին կմասնակցեն 24 թիմեր` 240 մարզիկներով»:

Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Հարությունյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս մրցաշարը թույլ կտա պատանիներին խաղային պրակտիկա ձեռք բերել. «Սա առաջին դեպքն է, երբ պատանի բասկետբոլիստները գրեթե 3 ամիս մասնակցելու են մրցումների: Եթե նախկինում առաջնությունները անցկացվում էին մի քանի օրում, ապա այժմ մեր պատանեկան թիմերը երկար ժամանակ խաղային պրակտիկա կունենան, եւ դա շատ կարեւոր հանգամանք է այս տարիքային խմբի համար: Առաջիկայում նույն տարբերակով առաջնություն կանցկացվի նաեւ մարզերում, որտեղ եւս մեծ ուշադրություն ենք դարձնում հատկապես մանկապատանեկան բասկետբոլի վրա»: