Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ Է ԹԻՄՈՒՄ»

Սպորտ

Երեւանի «Արարատը» 2-րդ տարին անընդմեջ դուրս է գալիս Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Նախորդ տարի արարատցիները հասան մինչեւ եզրափակիչ` որտեղ զիջեցին «Բանանցին»: Քառորդ եզրափակիչում «Արարատը» 2 խաղերի արդյունքում 2:1 հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Պատասխան մրցավեճից հետո Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր սաները 2 խաղերում էլ գերազանցեցին մրցակցին. «Պետք է նշեմ, որ «Ուլիսը» հարգանքի արժանի մրցակից է եւ լավ թիմ, սակայն այս 2 հանդիպումներում մենք մեր խաղամակարդակով գերազանցեցինք նրանց: Պատասխան հանդիպման առաջին կեսը շատ լավ սկսեցինք: Ցանկանում էինք արագ գոլ խփել եւ առաջին կեսում հասնել արդյունքի: Այդպես էլ եղավ: Չնայած մրցաշրջանը դեռ նոր է սկսվել, սակայն «Արարատը» բավական գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում եւ խաղային կարգապահությունը շատ բարձր է թիմում»: Սուքիասյանը ընդգծեց, որ «Ուլիսի» դարպասը ուղարկված 2 գոլերն էլ բավական գեղեցիկ ստացվեցին. «Նախ Կարեն Նավոյանի փոխանցումից հետո Գեւորգ Նռանյանը ընթացքից գեղեցիկ գոլ խփեց: 2-րդ գնդակը ծնվեց Պիզելի Մարկոսի անհատական վարպետության շնորհիվ, որը շրջանցելով 2-3 պաշտպանների` լավ փոխանցում կատարեց թիմի ավագ Արթուր Մինասյանին եւ հաշիվը կրկնապատկվեց»: 2-րդ կեսում «Արարատը» արդեն փոխել է մարտավարությունը. «Ես ենթադրում էի, որ «Ուլիսը» սկսելու է երկար փոխանցումներով խաղալ: Բացի այդ փորձելու էին օգտագործել փոխարինման մտած բարձրահասակ Շովբոյին, սակայն Հրայր Մկոյանը եւ Վահագն Մինասյանը ոչ մի հնարավորություն չտվեցին նրան: Տակտիկապես մենք շատ լավ խաղացինք: 2-րդ կեսում մի պահ եղավ, որ մրցակիցը կարող էր կրճատել հաշիվը, փոխարենը մենք 3-4 վտանգավոր հակագրոհ ձեռնարկեցինք»:

«Արարատը» կիսաեզրափակիչում կհանդիպի «Փյունիկի» հետ, որը այս փուլում մեծ դժվարությամբ առավելությամբ հասավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ: Այս թիմերի միջեւ կայացած 2 հանդիպումներում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11 մետրանոցները ավելի դիպուկ իրացրեցին չեմպիոնի խաղացողները: «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիտ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումից հետո ասաց հետեւյալը. «Խաղը անցավ շատ լարված պայքարում: 2 թիմերն էլ փոխանակվում էին գրոհներով: Մենք գնացել էինք Կապան անպայման հաղթելու ակնկալիքով: 2 թիմերն էլ գրեթե հավասար գոլային հնարավորություն ունեցան:

Իհարկե, խաղի ելքը կարող էր վճռվել հիմնական ժամանակահատվածում, քանի որ եթե թիմերից մեկը հաջողության հասներ, մյուս թիմը արդեն շատ ծանր իրավիճակում կհայտնվեր: Կարծում եմ` «Գանձասարի» հետ գավաթային այս 2 հանդիպումներում մենք ավելի հաջող հանդես եկանք Կապանում, քանի որ բոլորս էլ գիտակցում էինք, թե որքան բարդ է այնտեղ հանդես գալը: Իսկ 11 մետրանոցները դա արդեն մարզական բախտի հետ է կապված, թեեւ մենք 4:1 հաշվով առավելության հասանք 11 մետրանոցներով, բայց դա ամենեւին էլ հեշտությամբ չտրվեց: Հաջորդ փուլում, կարծում եմ եւս շատ լարված հանդիպումներ կլինեն «Արարատի» հետ»: