Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂՈՒՄ ԵՆ, ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԻ

Սպորտ

Արդեն մի քանի շաբաթ է` Հայաստանում մեկնարկել է ֆուտբոլային մրցաշրջանը: Բացի այն, որ այս տարի ոչ սիրողական թիմերի մասնակցությամբ մրցաշարերում աննախադեպ քիչ թիմեր են հանդես գալիս, կա նաեւ մեկ այլ լուրջ խնդիր: Խոսքը մարզադաշտերի մասին է, որոնց թիվը եւս բավական քիչ է Հայաստանում: Նորություն չէ, որ Հայաստանի առաջնությունում գերակշռում են երեւանյան թիմերը, սակայն այսօր այդ թիմերի մեծ մասը իրենց սեփական հարկի հանդիպումները անցկացնում են մայրաքաղաքից դուրս:

Երեւանի «Արարատը», որը երկրպագուների ամենամեծ բանակն ունի, այս մրցաշրջանում թիմերին հյուրընկալելու է Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Դա բնականաբար լուրջ դժգոհություն է առաջացրել թիմի ֆանատների շարքերում: Այժմ նրանք առնզվազն 400-500 դրամ ճանապարհածախս պետք է վճարեն, մրցավայր հասնելու համար: Փոխարենը աբովյանցիները երկարատեւ ընդմիջումից հետո կրկին հնարավորություն կունենան սեփական քաղաքում դիտել բարձրագույն խմբի հանդիպումներ: Հայտնի է, որ այս քաղաքի «Կոտայք» ակումբը արդեն մի քանի տարի է չի գործում:

Երեւանի «Ուլիսը» իր հանդիպումները կանցկացնի Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում, որի խոտածածկը, մեղմ ասած, չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Եթե Աբովյան հասնելը այնքան էլ բարդ չէ, ապա Ոսկեհատում ֆուտբոլ դիտելը անհամեմատ թանկ հաճույք է, իսկ գյուղի բնակիչներին, ինչպես նախորդ խաղերն են ցույց տվել» հայկական ֆուտբոլը գրեթե չի հետաքրքրում, ուստի «Ուլիսի» հանդիպումներին ներկա կլինեն ինչպես միշտ մի քանի 2-3 լրագրողներ, հանդիպման տեսուչը, ակումբի ղեկավարությունը եւ ֆուտբոլիստների մեքենա ունեցող ամենամոտ հարազատները:

Նույն պատկերն է նաեւ «Միկայի» պարագայում, որը իր հանդիպումները անցկացնելու է Արարատում գտնվող «Այգ» մարզաբազայում: «Միկան» եւս առաջիկայում կարող է մոռանալ հանդիսականների աջակցության մասին: Երեւանի «Կիլիկիան», որին է պատկանում Հայաստանի ամենամեծ մարզադաշտը` «Հրազդանը», իր անհաջող ելույթների պատճառով, անկախ նրանից թե որտեղ է հանդես գալիս, զրկված է ֆուտբոլասերների աջակցությունից: Բացի այդ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Կիլիկիան» սեփական հարկի տակ հանդիպումը անցկացնելու է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում եւ մրցաշրջանի ընթացքում նման տեղափոխությունները կարող են հաճախակի լինել: Այս թիմերը համար մեծ հաշվով տարբերություն չկա, թե ով է դաշտի տերը, քանի որ բոլոր հանդիպումներն էլ նրանք անցկացնում են չեզոք դաշտում եւ սեփական հարկի տակ հանդես գալու գործոնը նրանց ոչ մի առավելություն չի տալիս: Երեւանում հանդիպումներ կանցկացնեն միայն «Փյունիկը» եւ «Բանանցը»: Չեմպիոնը ելույթ կունենա «Նաիրի» մարզադաշտում, որը քիչ թե շատ նորմալ վիճակ է, իսկ լավագույնը թերեւս «Բանանցի» մարզաբազայի պայմաններն են, որտեղ այս ակումբը հնարավորություն ունի նաեւ արհեստական խոտածածկով մարզադաշտում ընդունել մրցակիցներին:

Մարզադաշտերի այս «սովը» առաջացավ հիմնականում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի վերանորոգման պատճառով: Սակայն, շահագործման հանձնվելուց հետո էլ «Հանրապետականում» Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն անցկացվելու: Այստեղ կայանալու են հիմնականում միջազգային հանդիպումներ ինչպես նաեւ գավաթի խաղարկության եզրափակիչները, ուստի երեւանյան թիմերը առաջիկայում պետք է լրջորեն մտածեն նոր մարզադաշտ կառուցելու` կամ եղածները հիմնովին վերանորոգելու մասին: Իսկ Երեւանում մարզաադաշտերի թիվը բավական քիչ է: Բացի վերը նշված մարզադաշտերից կարելի է առանձնացնել նաեւ «Էրեբունին», որը խսիտ ցածր որակի խոտածածկ ունի, սակայն այն փոխելու եւ մարզադաշտի նստատեղերը ավելացնելու դեպքում այստեղ հնարավոր կլինի անցկացնել բարձրագույն խմբի հանդիպումներ:

Իրավիճակը այլ է մարզային թիմերի պարագայում: «Գանձասարը» Կապանի քաղաքային մարզադաշտում է հանդես գալիս եւ այստեղ Սամվել Պետրոսյանի սաներին յուրաքանչյուր հանդիպմանը աջակցելու են գալիս առնվազն 2-3 հազար հանդիսականներ: Սա լուրջ առավելություն է տալիս «Գանձասարին», եւ այս թիմը Կապանում անհամեմատ լավ արդյունք է ցույց տալիս քան հյուրընկալվելիս: «Շիրակը» եւս Գյումրիում լուրջ աջակցության է ստանում, թեեւ վերջին տարիներին ունեցած ոչ հաջող ելույթներից հետո այս ակումբի երկրպագուների թիվը զգալիորեն պակասել է: