Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

‎ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը վերջապես իր նորամուտն է նշել դանիական «Ռանդերսի» կազմում: Արզումանյանի մեկնարկը անհաջող է ստացվել: «Ռանդերսը» 23-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ մրցել է «Օդենսեի» հետ եւ պարտվել 0:2 հաշվով: Այս պարտությունից հետո «Ռանդերսը» 30 միավորով ընթանում է ութերորդ հորիզոնականում:

Հանգստյան օրերին տպավորիչ ելույթներ են ունեցել նաեւ մի քանի այլ հայ ֆուտբոլիստներ եւս:

Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվեց Կիեւի «Դինամոյին»: Այս խաղում իր նորամուտը նշեց «Բանանցի» նախկին մարզիչ Նիկոլայ Կոստովը, որը միանգամից մեկնարկային կազմում ընդգրկել էր Արարատ Առաքելյանին եւ Սամվել Մելքոնյանին: Հանդիպումից առաջ «Դինամոն» համարվում էր բացահայտ ֆավորիտ, սակայն ավարտվեց 3:3 հաշվով: Այս խաղում իրեն բավական լավ դրսեւորեց Սամվել Մելքոնյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին, սակայն միշտ այդ լարվածության մեջ էր պահում դինամոյականների պաշտպաններին: Արարատ Առաքելյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, սակայն առայժմ նրա խաղը չի ստացվում: Արարատը այս մրցավեճում արժանացավ նաեւ դեղին քարտի:

Խաղի հետո կայացած մամուլի ասուլիսում Կոստովը նշել է, որ գոհ է արդյունքից. «Ես ընդամենը երկու մարզում եմ անցկացրել հանդիպումից առաջ: Մնացածը արեցին տղաները: Շատ դժվար է այսքան կարճ ժամանակահատվածում փոխել ինչ-որ բան»:

Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրում մերձմոսկովյան «Խիմկին» Մոսկվայում 2;2 հաշվով է ավարտել համանուն թիմի հետ մրցավեճը: Հյուրերի դարպասը ինչպես միշտ պաշտպանել է Ռոման Բերեզովսկին, որի անհաջող խաղի արդյունքում էլ «Մոսկվան» խփել է երկրորդ գնդակը: «Խկիմին» երկու միավորով «Մոսկվայի» եւ «Շիննիկի» հետ եզրափակում է մրցաշարային ադյուսակը:

Ռուսաստանի երիտասարդական առաջնության չորրորդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության է հասել «Սատուրնի» նկատմամբ: Երկաթուղայինների կազմում 56-րդ րոպեին երրորդ գնդակը խփել է Հովհաննես Գոհարյանը:

Ռումինայի առաջնության 27-րդ տուրում Տիմշոարայի «Պոլիտեխնիկան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել ետնապահ «Ոնիվերսիտատա Կլուժի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 40-րդ րոպեին բացել է Արման Քարամյանը, իսկ 59-րդ րոպեին Արտավազդը կրկնապատկել է հաշիվը: Այս հաղթանակից հետո «Պոլիտեխնիկան» եւս երեք թիմերի հետ 49 միավորով բաժանում է երրորդ հորիզոնականը, իսկ մրցաշարային աղյուսակը 59-ական միավորով գլխավորում են «Կլուժը» եւ «Ստյաուան»:

Շվեդիայի առաջնության երկրորդ տուրում Լեւոն Պաչաջյանի ԳԱԻՍ-ը հյուրընկալվելիս «Տրելեբորգին»: Լեւոնը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ 53-րդ րոպեին ստացել զգուշացում: Մեկնարկային երկու տուրերից հետո ԳԱԻՍ-ը մեկ միավորով ընթանում է 13-րդ հորիզոնականում:

Մոլդովայի առաջնության 23-րդ տուրում «Զիբրուն» 0:0 հաշվով է ավարտել «Պոլիտեխնիկայի» հետ մրցավեճը: Ըստ «Զիբրուիի» պաշտոնական կայքի Արա Հակոբյանը այս խաղում առնվազն 6-7 անգամ պարտավոր էր գրավել հյուրերի դարպասը, սակայն այդպես էլ չի կարողացել հասնել հաջողության: Հակոբյանը թիմը ներկայումս ընթանում է չորրորդ հորիզոնականում:

Իսրայելի առաջնությունում շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Եղիա Յավրույանը: 27-րդ տուրում հայ ֆուտբոլիստը 2 գոլ է խփել Պետահ Տիկվայի «Մաքաբիի» դարպասը, իսկ նրա թիմը` «Բեն Շաքրինը», հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթանակ է տոնել: