Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՐՑԱՇԱՐԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը արդեն Չեխիայում է, որտեղ վաղը մեկնարկում է 2008 թվականի աշխարհի առաջնության առաջին խմբային մրցաշարին, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Չեխիայի, Ֆինլանդիայի եւ Ադրբեջանի ընտրանիները:

Վաղը Հայաստանի մրցակիցը կլինի Ադրբեջանի ընտանին:

Ռուբեն Նազարեթյանը նախքան Չեխիա մեկնելը «Ա1+»-ին ասաց, որ թիմը մարտական է տրամադրված եւ գիտակցում է, թե որքան լուրջ փորձություն է սպասվում մեր թիմին. «Ցավոք մեզ հետ չի մեկնում ռուսական «Միտիշչի» թիմի խաղացող Կարո Հովհաննիսյանը, որը լավ ֆուտբոլիստ է: Նրա առջեւ արհեստական խոչընդոտներ են դրել ակումբի ղեկավարները: Դեռեւս վիճակահանությունից հետո ես մի քանի անգամ առիթ ունեցել էի ասելու, որ մեր խումբը բավական ուժեղ է: Անկասկած ֆավորիտ Չեխիայի հավաքականն է, որը դասվում է աշխարհի ուժեղագույն հավաքականների շարքին: Բացի այդ չեխերը հանդես են գալիս սեփական հարկի տակ եւ դա նրանց համար եւս մեկ առավելություն է: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, որը հետ հանդիպումը առանձնահատուկ նշանակություն ունի, ապա հայտնի է, որ հարեւան երկրի ընտրանու կազմում հանդես են գալիս հիմնականում բրազիլացի լեգեոներներ: Ֆինլանդիայի հետ էլ մենք հանդիպել ենք նախորդ տարի եւ քաջ ծանոթ ենք նրանց կարողություններին»:

Հավաքականի գլխավոր մարզիչը ընդհանուր առմամբ գոհ էր նախապատրաստական աշխատանքներից. «Փորձեցինք որքան հնարավոր է լավ նախապատրաստվել ընտրական հանդիպումներին: Շատ կարեւոր էին Իրանի հետ կայացած ստուգողական հանդիպումները: Այդ մրցավեճում մենք հստակ պատկերացում կազմեցինք, թե որոնք են մեր թիմի գլխավոր թերությունները»: