Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵԾ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵՑԻՆՔ»

Սպորտ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել փետրվարին Պրահայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլին: Օրերս Իրանում անցկացնելով 2 ստուգողական հանդիպում` մեր ընտրանին վերադարձավ Երեւան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը «Ա1+»-ին հայտնեց, որ կրած 2 պարտություններն էլ մեծ փորձ էին հիմնականում երիտասարդներով համալրված հավաքականի համար. «Մեր մրցակից Իրանի ազգային հավաքականը առավել քան ուժեղ թիմ էր: Ընդամենը 15 օր առաջ Իրանը դարձել էր Սսիայի չեմպիոն: Իրանի հավաքականը գլխավորում էր աշխարհի չեմպիոն Բրազիլիայի նախկին մարզիչը, որը խոստացել է այս տարի աշխարհի գավաթին տիրանալ նաեւ Իրանի հետ միասին: Նման հզոր մրցակցի դեմ խաղալով տղաները մեծ փորձ ձեռք բերեցին»:

Հանդիպումները ցույց են տվել, որ Հայաստանի հավաքականում մեծ ծավալի աշխատանքներ կան անելու, ինչը Նազարեթյանը պատրաստվում է կատարել մինչեւ ընտրական փուլի մեկնարկը. «Նախ նշեմ, որ մեր լեգեոներները բացակայում էին եւ դա իր ազդեցությունը ունեցավ: Որոշ թերություններ նկատվեցին պաշտպանությունում: Հարձակման գծում մեր թիմի խաղը չստացվեց: Գոլային մի շարք պահեր չիրացվեցին»:

Մինչեւ մրցաշարի մեկնարկը հավաքականը շարունակելու է մարզումները, իսկ փետրվարի 20-ից հերթական ուսումնամարզական հավաքն է սկսելու, որից հետո մեկնելու է Չեխիա: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մրցելու է Ադրբեջանի, Չեխիայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ:

Ի դեպ, Ադրբեջանի հավաքականը Բաքվում անցկացված մրցաշարում դարձել է հաղթող: Ադրբեջանցիների մրցակիցներն են եղել Վրաստանի եւ Ղազախստանի հավաքականները: Ընդգծենք, որ Ադրբեջանի կազմում հանդես են գալիս հիմնականում բրազիլացիներ: